09:46 | 19.02.15 | Հարցազրույցներ | exclusive 157906

Անդրեյ Պատոկա. Beeline-ը շարունակում է լայնաշերտ հասանելիության արդիականացումը

Itel.am-ի բացառիկ հարցազրույցը ԱՊՀ երկրներում «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի բիզնեսի զարգացման գծով փոխնախագահ Անդրեյ Պատոկայի հետ:

- Ինչպիսի՞ն են Հայաստանի հետ կապված «ՎիմպելԿոմ»-ի առաջիկա ծրագրերը:

- Մեր ծրագրերը բավական ագրեսիվ են: Մենք առաջվա պես մտադիր ենք ավելացնել շուկայի մեր մասնաբաժինը՝ ինչպես բջջային, այնպես էլ ֆիքսված ծառայությունների մասով: Կցանկանայինք, որ երկու հատվածներում էլ շուկայի ծավալի մեծացումը տեղի ունենա տվյալների փոխանցման հաշվին, քանի որ մենք սպառողների հետաքրքրության աճ ենք նկատում:

Բջջային հատվածում մեծանում է ժամանակակից սմարթֆոններ ձեռք բերող հաճախորդների թիվը, եւ մեր ցանցը պատրաստ է դրան: Մենք վաղուց երրորդ սերնդի ցանց ենք ներդրել Հայաստանում, մշտապես աշխատում ենք տվյալների փոխանցման արագության ավելացման ուղղությամբ: Այսօր Beeline-ի ենթակառուցվածքներն ապահովում են ծառայությունների պատշաճ որակ այն բոլոր հիմնական հավելվածների ու ծառայությունների համար, որոնք արդեն շատերի կյանքի անբաժան մասն են դարձել՝ շարժական էլ. փոստ, սոցիալական ցանցեր, վիդեո-ծառայություններ եւ այլն: Մենք ցանկանում ենք, որ մարդիկ մատչելի գնով կարողանան օգտվել սմարթֆոնների ընձեռած հնարավորությունների առավելագույն մասը:

Ֆիքսված կապի ոլորտում մենք շարունակում ենք լայնաշերտ հասանելիության արդիականացումը, փուլ առ փուլ փոխարինում ենք մեր տեխնոլոգիաները Fiber to the Building-ով (FTTB): Դա նշանակում է բազմաբնակարան շենքերում օպտիկամանրաթելային գծերի անցկացում, ինչի արդյունքում սպառողները կկարողանան մինչեւ 70 Մբ/վրկ տվյալների փոխանցման արագություն ստանալ: Մենք ձգտում ենք, որ գնային տեսանկյունից եւս մեր փաթեթային առաջարկները մատչելի լինեն:

Լրջորեն դիտարկում ենք բջջային կապի հատվածի հետագա զարգացման ծրագրերը, որպեսզի լայնաշերտ բջջային հասանելիության ծառայություններն ավելի շատ տարածքներ ներառեն Հայաստանում:

Սակայն ամենակարեւորը՝ հաճախորդների սպասարկման որակի բարձրացման հետ կապված մեր ռազմավարության շարունակությունն է: Մենք հավատարիմ ենք այն գաղափարին, որ Beeline-ը պետք է մնա «ամենահաճախորդաուղղված» օպերատորը շուկայում, որպեսզի մեր ծառայություններից օգտվելը պարզ եւ հարմար լինի: Այդ նպատակի իրականացման համար մենք մի շարք նախաձեռնություններ ունենք՝ կապված, օրինակ, «անձնական աշխատասենյակի» եւ My Beeline Armenia հավելվածի կատարելագործման հետ, որոնք թույլ են տալիս հեռակա վերահսկել ծառայություններն ու սակագները, առցանց վճարումներ կատարել Beeline-ի բջջային ու ֆիքսված կապի կամ ինտերնետի համար:

- Ինչպե՞ս եք գնահատում մրցակցությունը հայկական շուկայում:

- Ես շատ հպարտ եմ, որ աշխատում եմ հեռահաղորդակցության ոլորտում, որն աշխարհում ամենամրցակցայինն է: Եվ Հայաստանն այդ իմաստով բացառություն չէ: Մենք ողջունում ենք մրցակցությունը, քանի որ այն ստիպում է անընդհատ մտածել, թե ինչպես կարելի է գրավել հաճախորդների սրտերը:

- «ՎիմպելԿոմ»-ում վերջերս շատ են խոսում «կորպորատիվ շարժունակության մասին»: Խնդրում եմ, պատմեք մի փոքր՝ ի՞նչ է ենթադրում այդ գաղափարախոսությունը եւ որքանո՞վ է այդ միտումը կիրառելի Հայաստանում:

- Կարծում եմ, որ «կորպորատիվ շարժունակության» տեսլականն ամրացնելու է կապի օպերատորների դիրքերը: Կորպորատիվ շարժունակությունը, ըստ էության, բիզնեսը ցանկացած վայրում վարելու հնարավորություն է: Մենեջերը պետք է հնարավորություն ունենա շարժական սարքի օգնությամբ կատարելու իր սովորական գործառույթները՝ աշխատավայրից հեռու գտնվելով: 

Աշխատանքի արդյունավետությունը չպետք է տուժի այն բանից, որ աշխատակիցը աշխատավայրում չէ, քանի որ նա կարող է իր պարտականությունները կատարել աշխարհի ցանկացած վայրից:

Դա հատկապես կարեւոր է հիմա, երբ գոյություն ունեն այսպես կոչված «տնային աշխատասենյակները» եւ co-working-ի զանազան տեսակները:

- Որքա՞նով են պահանջված ու Հայաստանում հաջողությամբ կիրառելի այնպիսի ծառայություններ, ինչպիսիք են, օրինակ, M2M-ը (machine to machine, սարքերի փոխգործակցությունը) եւ խոշոր շուկաներում օգտագործվող մի շարք այլ նորարարություններ:

- Մեզ շրջապատող մեքենաներն ու սարքերը հետզհետե ավելանում են, ընդ որում՝ ինչպես անձնական, այնպես էլ բիզնեսի համար կիրառվող: Մենք հավատում ենք, որ նման ծառայությունների պահանջարկն ավելանալու է: Օրինակ, եթե առաջ որեւէ սարքի ցուցանիշներ հավաքագրելու համար որեւէ մեկը պետք է այցելեր բոլոր տները, ապա այժմ դրա անհրաժեշտությունը չկա, քանի որ սարքերը կարող են տվյալներն ինքնուրույն փոխանցել հավաքագրման կենտրոն՝ M2M ծառայության օգնությամբ: Նման օրինակների թիվն անսահմանափակ է. դրանք ե՛ւ մոնիթորինգի տարբեր համակարգեր են, ե՛ւ ավտոմեքենաներ, որոնք զինված են նավիգացիոն համակարգերով ու միացված են արագ արձագանքման ծառայությանը: Հայաստանում, ինչպես ամենուր աշխարհում, նման ծառայությունների պահանջարկն ավելանալու է:

- Մի քանի տարի առաջ «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի կառավարիչ տնօրեն Բորիս Նեմշիչն ասել էր, որ «ՎիմպելԿոմ»-ը դիտարկում է Հայաստանի եւ այլ երկրների միջեւ տրանսպորտային ցանցի կառուցման հնարավորությունը: Այս հարցը դեռ օրակարգո՞ւմ է, եւ ի՞նչ քայլեր են արվել՝ այն կյանքի կոչելու համար:

- Մենք բազմաթիվ տրանսպորտային ցանցեր ենք կառուցում այն երկրներում, որտեղ ներկայացված ենք, այդ թվում՝ Հայաստանում: Ինչ վերաբերում է Հայաստանի ու այլ պետությունների միջեւ տրանսպորտային ուղիներին, ապա մեզ համար դա տնտեսական նպատակահարմարության խնդիր է: Եթե այսօր գոյություն ունի լուծում, որը մեզ թույլ է տալիս հասնել անհրաժեշտ թողունակության՝ ընդունելի գներով, մենք հաճույքով օգտվում ենք դրանից: Չեմ կարող ասել, որ նոր ցանցերի կառուցումը մեզ համար գերակայություն է, քանի որ թողունակության հետ կապված խնդիր այսօր չունենք:

Անդրեյ Պատոկայի հետ զրուցել է Արամ Արարատյանը