Երեւանում կայացել է համերգ, որի ընթացքում «Արս լունգա» դուետի եւ ջութակահարներ Մերի Մարգարյանի ու Լուսինե Հարությունյանի կատարմամբ հնչել են 2014թ. հայ հոբելյար կոմպոզիտորների ստեղծագործությունները:
Այս տարվա հոբելյարներն են` Կոմիտասը (145), Վլադիլեն Բալյանը (90), Ավետ Տերտերյանը (85), Գեղունի Չթչյանը (85), Տիգրան Մանսուրյանը (75), Էդուարդ Հայրապետյանը (65) եւ Արմեն Սմբատյանը (60): Համերգը կայացել է Օպերայի եւ բալետի ազգային թատրոնի «Համերգ` ճեմասրահում» նախագծի եւ «Հայ կամերային երաժշտության անթոլոգիա» ծրագրի շրջանակում, որի գլխավոր գործընկերը Վիվա-Սել-ՄՏՍ-ն է:
«Արվեստի աշխարհում այս տարին նշանավորվում է հայ դասական երաժշտության մի շարք ակնառու գործիչների հոբելյաններով: Սա հիանալի առիթ է եւս մեկ անգամ հիշատակելու եւ մեծարելու մեր դասականներին: Սակայն կարեւոր է նաեւ գնահատել եւ սատարել դասական երաժշտության մեջ նոր խոսք ասող ժամանակակից կոմպոզիտորներին: Այսօրվա համերգը համատեղել է այս երկու գաղափարները եւ հավաստում է, որ մեր ստեղծագործ միտքը կենդանի է եւ չի սահմանափակվում անցյալի ձեռքբերումներով»,- ասել է Վիվա-Սել-ՄՏՍ-ի տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
«Հայ կամերային երաժշտության անթոլոգիա» ծրագրի ստեղծման եւ իրականացման գաղափարը «Արս լունգա» դուետինն է` ի դեմս թավջութակահար Արամ Թալալյանի եւ դաշնակահար Ջուլիետա Վարդանյանի: Ծրագիրը բաղկացած է մի քանի մասից:
«Արս լունգա» դուետը «Հայ կամերային երաժշտության անթոլոգիա» ծրագրի 1-ին մասում հավաքել է 20-21-րդ դարերի 60 հայ կոմպոզիտորների թավջութակի եւ դաշնամուրի համար գրված ստեղծագործություններ, կատարել եւ ձայնագրել դրանք ժամանակակից տեխնիկայի վերջին պահանջներին համապատասխան: Արդյունքում թողարկվել է 12 ձայնասկավառակ:
Ներկայում «Արս լունգա»-ն աշխատում է «Հայ կամերային երաժշտության անթոլոգիա» շարքի 2-րդ մասի իրագործման ուղղությամբ: