16:32 | 24.10.14 | Նորություններ | 4159

Նոր սերնդի IP եւ GPS տեսախցիկներ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում

Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) եւ հիմնադրամի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ը Արարատի մարզի Ուրցաձոր գյուղի հարակից տարածքում`Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում, ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում ներկայացրել են մշտադիտարկման նոր սերնդի IP եւ GPS տեսախցիկներ:

IP տեսախցիկները շարունակական ուղիղ տեսահոսք են ապահովում դեպի իրենց միացրած համակարգիչներ (անտառապահների կայանում, հիմնադրամի գրասենյակում գտնվող), իսկ GPS տեսախցիկները գործարկվում են շարժում արձանագրելուն պես՝ տեղեկատվությունն ու նկարներն անմիջապես փոխանցելով SMS-հաղորդագրությամբ կամ էլեկտրոնային փոստի հասցեին: Սա հնարավորություն կընձեռի ոչ միայն տեղեկություններ ստանալ կենդանիների մասին, այլեւ բացահայտել ապօրինաբար տարածք մուտք գործած անձանց, օրինակ՝ որսագողերի:

Տեսախցիկների գործարկումը հնարավոր է դարձել Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում հասանելի գերարագ ինտերնետի շնորհիվ, որն ապահովում է ՎիվաՍել-ՄՏՍ-ը: «Խոսրովի անտառ» պետական արգելոցին հարակից բարձրադիր վայրում (ծովի մակարդակից 1300 մ բարձրություն ունեցող լեռան վրա) ընկերությունը շարժական կապի հիմնական կայան է տեղադրել: Այն ծառայում է Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) «Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի» աշխատակիցներին անխափան բջջային կապ ապահովելուն, ինչպես նաեւ կնպաստի անձնակազմի եւ այցելու-գիտնականների կողմից արգելոցի տարածքում հետազոտությունների անցկացմանը: Ձայնային եւ տվյալների փոխանցման շարժական ծառայությունների հասանելիությունը նաեւ կնպաստի էկոտուրիզմի զարգացմանը գյուղական բնակավայրերում, մասնավորապես՝ Արարատի մարզում:

Կայանի էլեկտրասնուցման նպատակով ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից տեղադրվել է հոսանքափոխարկիչ ենթակայան եւ փայտե սյուների վրայով անցկացվել է 1,5 կմ երկարությամբ բարձր լարման հոսանքագիծ, որը միանում է լեռան գագաթին գտնվող հոսանքի հիմնական աղբյուրին: ՎիվաՍել-ՄՏՍ-ի օգնությամբ՝ հոսանքափոխարկիչ ենթակայանից առանձին հոսանքագիծ է անցկավել կենտրոն՝ պոմպակայանի միջոցով գետից ջուր հանելու եւ հաճախակի ոռոգման կարիք ունեցող ավելի քան 2000 նորատունկ ծառերը ջրելու համար:

Շրջայցի ընթացքում ԶԼՄ ներկայացուցիչները ծանոթացել են նաեւ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան ծրագրի շրջանակում ձեռք բերված անօդաչու տեսահսկման համակարգին: Թե՛ տեսախցիկները, թե՛ տեսահսկման համակարգը հնարավորություն են ընձեռում մշտադիտարկումն իրականացնել հեռավոր եւ դժվարհասանելի վայրերում` կենդանական աշխարհի վերաբերյալ ապահովելով անհրաժեշտ տեղեկատվություն: Ստեղծված համակարգը պահպանվող տարածքում որսագողության դեմ պայքարի արդյունավետ գործիք է նաեւ: Տեսահսկման գերժամանակակից համակարգերի միջոցով կենդանական աշխարհի վերաբերյալ տեղեկությունների ստացումն առաջին անգամ Հայաստանում հնարավոր դարձավ ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության աջակցության շնորհիվ: