10:34 | 24.10.14 | Նորություններ | 901
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն (ԻՏՁՄ) հրապարակել է բաց նամակ, որում իր մտահոգությունն է հայտնում Հայաստանում ԱՄՆ հյուպատոսական ծառայության կողմից Հայաստանի տեխնոլոգիական զարգացումը խոչընդոտող վարքագծի վերաբերյալ:
«Մեզ համար անհայտ պատճառներով վերջին շրջանում ԱՄՆ հյուպատոսական ծառայության քմահաճության հետեւանքով Հայաստանի տեղեկատվական, հեռահաղորդակցական եւ բարձր տեխնոլոգիական ոլորտում գործող ընկերությունների ներկայացուցիչներն ԱՄՆ մուտքի արտոնագիր չեն ստանում: Հարյուրավոր դեպքեր են գրանցվել, երբ դրական պատասխան ստանալու նպատակով ՏՏ ընկերությունների աշխատակիցները ԱՄՆ հյուպատոսական ծառայությանը ստիպված են դիմել 3 անգամ, որը ոչ միայն նյութական լրացուցիչ ծախս է ենթադրում (յուրաքանչյուր դիմումի արժեքը 160$), այլեւ անտեղի վատնվում է տեխնոլոգիական բարձրակարգ մասնագետների թանկարժեք աշխատաժամանակը: Մեր տեղեկություններով, չնայած հայաստանյան տեխնոլոգիական մասնագետների հաճախակի գործուղումներին, ԱՄՆ միգրացիոն օրենքների խախտումներ չեն գրանցվել… Այս ամենի հետեւանքով խաթարվում է տեղական եւ ԱՄՆ ընկերությունների համագործակցությունը տեխնոլոգիական ոլորտում՝ ամերիկյան գործընկերների մոտ անվստահություն առաջացնելով թե՛ մեր ընկերությունների, թե՛ երկրի նկատմամբ: Սա, ըստ էության, խաթարում է Հայաստանի՝ որպես տեխնոլոգիական բրենդի բարի համբավը…»,- ասված է հայտարարության մեջ:
Հրապարակված հայտարարության համաձայն, ԱՄՆ հայաստանյան հյուպատոսական ծառայության ներկայիս վարքագիծը վտանգում է երկկողմ տեխնոլոգիական համագործակցությունը եւ դեմ է ԱՄՆ կառավարության Հայաստանի Հանրապետության նկատմամբ հայտարարած նպատակներին:
Ի դեպ, հայաստանյան ՏՏ ոլորտի արտահանման շուկայի շուրջ 59%-ը բաժին է ընկնում ԱՄՆ-ին, իսկ Հայաստանում գործող ՏՏ ոլորտի ընկերությունների շուրջ 47%-ը հիմնադրվել են ամերիկյան կապիտալով: