14:19 | 08.10.14 | Նորություններ | 2073

Solo Learn-ը կներկայացնի Հայաստանը Seedstars սթարթափերի համաշխարհային մրցույթում

Seedstars Երեւան սթարթափերի մրցույթի հաղթող է ճանաչվել Solo Learn թիմը, որը 2015թ. փետրվարի 4-ին կմասնակցի Շվեյցարիայի Ժնեւ քաղաքում կայանալիք Seedstars սթարթափերի համաշխարհային մրցույթին:

Մրցույթի եզրափակիչ փուլին, որը կայացել է Թումո կենտրոնում, մասնակցել է 16 թիմ:

Sole Learn-ը ինտերակտիվ ու խաղարկային կրթական պլատֆորմ է, որտեղ օգտատերը կարող է առցանց մասնակցել մի շարք դասընթացների:

Ինչպես Itel.am-ի հետ զրույցում նշել է Solo Learn-ի գլխավոր գործադիր տնօրեն Դավիթ Քոչարյանը, իրենց նախագծի առանձնահատկությունն այն է, որ սովորելու գործընթացը կատարվում է խաղերի միջոցով:

«Այսօրվա դրությամբ ունենք ամսեկան 60 հազ.-ից ավելի օգտատեր: Աշխարհագրական առումով առաջատար են ԱՄՆ-ն, Հնդկաստանը, Արաբական երկրները եւ Կենտրոնական Եվրոպան: Այսօրվա դրությամբ ամենապահանջվածը C++ եւ լուսանկարչության դասընթացներն են: Օրինակ, մեկ ամիս առաջ դիմահարդարման դասընթացը շատ տարածված էր Արաբական երկրներում: Այս պահին հավելվածը հասանելի է Android-ի եւ Windows Phone-ի համար, բայց արդեն այս ամիս հասանելի կլինի նաեւ IOS-ի օգտատերերի համար»,- ասել է Դավիթ Վարդանյանը:

Հիշեցնենք, որ նախորդ ամիս Solo Learn-ը Գրանատուս Վենչուրս հիմնադրամի կողմից $100 հազ. ֆինանսավորում եւ ակսելերացիոն աջակցություն էր ստացել Նյու Յորքում կայացած Արմտեք համաժողովի ընթացքում:

Seedstars Երեւան-ի երկրորդ ու երրորդ տեղերը գրաված Forkize եւ Express Curate թիմերը հրավիրվել են ներկա գտնվելու Ժնեւում կայանալիք մրցույթին:

«Forkize-ը ծառայություն է մոբայլ հավելվածի ստեղծողներին համար: Այն ինտեգրելով ձեր ստեղծած հավելվածին՝ կարող եք հասկանալ, թե ովքեր են տվյալ հավելվածի օգտատերերը, ինչ են անում այդ հավելվածում, վճարու՞մ են, թե՞ ոչ, ի՞նչ ծառայություններ են ավելի շատ օգտագործում: Ըստ այդ տեղեկատվության, կարող եք ձեր օգտատերերին բաժանել խմբերի եւ արդյունքում խմբերից յուրաքանչյուրին մատուցել յուրահատուկ ծառայություններ»,- Itel.am-ի հետ զրույցում պատմել է Forkize ընկերության գլխավոր տնօրեն Արտակ Վարդանյանը:

Seedstars Yerevan-ի եզրափակիչ փուլին մասնակցած FamBox սթարթափը ֆիլմեր դիտելու եւ ֆիլմերի մասին ինֆորմացիա ստանալու սովցիալական ինտեգրացիոն օնլայն հարթակ է: Ինչպես Itel.am-ի հետ զրույցում նշել է FamBox-ի ներկայացուցիչ Մանե Նալբանդյանը, կայքը կգործարկվի արդեն այս ամիս: Սկզբում որպես թիրախ կդիտարկվի Հայաստանը, ապա փորձ կկատարվի տարածվել ԱՊՀ երկրների շուկաներ:

Seedstars World մրցույթի համահիմնադիր Ալիզե դե Տոնակի խոսքով, թեպետ Հայաստանը փոքր շուկա է, բայց ընդլայնման մեծ ներուժ ունի, ինչն էլ՝ ազդեցիկ սփյուռքի հետ մեկտեղ, խիստ հետաքրքրական ասպարեզ է դառնում:

Գրանատուս վենչուրային ընկերության համահիմնադիր Մանուկ Հերգնյանն իր հերթին նշել է. «Մեզ համար հաջողությունն այն է, որ լինի մի քանի հեռանկարային սթարթափ, որոնք հետագայում հետաքրքիր կլինեն որպես ներդրումային թիրախ»:

Հավելենք, որ Seedstars Yerevan 2014-ը կազմակերպել են Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը, Seedstars World-ը, Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը` մի շարք կազմակերպությունների աջակցությամբ: