11:09 | 22.09.14 | Նորություններ | 4318
Ռոստելեկոմը գտել է խնդրի լուծումը, որի հետեւանքով Հայաստանում երբեմն անհնար էր մուտք գործել Ռուսաստանի «սեւ ցուցակում» ներառված ինտերնետային կայքեր:
Այդ մասին ասել է «Ռոստելեկոմ» ԲԲԸ-ի ինտերնետ-պրովայդերների հետ փոխգործակցության բաժնի պետ Ալեքսեյ Ռոգդեւը հայաստանյան լրագրողների հետ Մոսկվայում կայացած հանդիպման ընթացքում: Մամուլի շրջագայությունը Մոսկվա կազմակերպվել էր Հայաստանում «Ռոստելեկոմի» դուստր ընկերության՝ GNC-ALFA-ի կողմից:
«Մենք գտել ենք խնդրի լուծումը, սակայն այդ մասին դեռեւս պաշտոնապես չենք հայտարարել: Այս ամառվանից ՌԴ-ի օրենքներով արգելափակված կայքերը մեր ներկայության մյուս երկրներում, մասնավորապես, Հայաստանում, չեն արգելափակվում: Ներկայումս համակարգը գտնվում է ակտիվ փորձարկման փուլում, եւ հենց այն պաշտոնապես շահագործման հանձնվի, մենք կհայտարարենք այդ մասին: Հուսով եմ, դա կլինի արդեն նոյեմբերին», - նշել է Ալեքսեյ Ռոգդեւը: