16:59 | 16.09.14 | Նորություններ | 2573
Այսօր ժամը 19:00-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա Արամ Խաչատրյանի անվան միջազգային 2-րդ փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը` նվիրված Երեւանի պետական համալսարանի 95-ամյակին, որը կհեռարձակվի նաեւ առցանց:
Երիտասարդականի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի շնորհիվ փառատոնի շրջանակներում ներկայացվող յուրաքանչյուր համերգ հնարավոր կլինի դիտել առցանց՝ ուղիղ հեռարձակմամբ փառատոնի պաշտոնական կայքում, ինչպես նաեւ նվագախմբի պաշտոնական էջում:
«Տեխնոլոգիաները կոչված են ծառայելու մշակույթին: Որքան ավելի հաճախ կարողանանք դրանք կիրառել մեր երկրի հենասյունը հանդիսացող ոլորտները սատարելու համար, այնքան ավելի մեծ հաջողությամբ կկարողանանք պահպանել մեր ինքնատիպությունը: Մշակույթի ձայնն այսօր ավելի հնչեղ է եւ լսելի, երբ համապատասխան գործիքներ են կիրառվում:
ՎիվաՍել-ՄՏՍ-ն ուրախ է Երիտասարդական նվագախմբին տրամադրել միջոցներ, որոնք ավելի հասանելի կդարձնեն երաժշտությունն ավելի մեծ թվով մարդկանց»,- նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Հավելենք, որ փառատոնն անցկացվում է Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանության հովանու ներքո եւ Բրիտանական խորհրդի աջակցությամբ:
Փառատոնի ընթացքում նախատեսվում են տարբեր միջոցառումներ՝ համերգներ, վարպետության դասեր եւ այլն: Ծրագրի շրջանակներում Երեւանը հյուրընկալելու է ինչպես հռչակավոր երաժիշտների, այնպես էլ՝ երիտասարդ տաղանդների աշխարհի տարբեր ծայրերից: