18:07 | 12.09.14 | Հոդվածներ | 1926

Շարժական կապի ծածկույթն ապահովում են, բայց անհավասար

Ազգ օրաթերթի մեկնաբան Արա Մարտիրոսյանն այսօր անդրադարձել է Հայաստանում բջջային կապի ծածկույթի խնդրին: Ներկայացնում ենք նրա հոդվածը:

Հեռահաղորդակցության ոլորտի երեք օպերատորները` «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը, «Օրանժ Արմենիան» եւ «Արմենտելը» պարտավոր են տեղեկատվություն հրապարակել այն մասին, թե ինչպես են ապահովում շարժական կապի ծածկույթը Հայաստանի Հանրապետության տարածքում: Ավելի կոնկրետ, ընկերություններն իրենց գործառնական գրասենյակներում եւ ինտերներտային կայքերում պետք է հրապարակեն յուրաքանչյուրն իր կողմից էլեկտրոնային հաղորդակցության շարժական կապի ծածկույթով ապահովված բնակավայրերի ցանկը, այդ բնակավայրերում կիրառվող շարժական բջջային կապի տեխնոլոգիաները եւ մատուցվող ծառայությունները, ինչպես նաեւ այն բնակավայրերի ցանկը, որտեղ չեն ապահովել շարժական կապի ծածկույթ: Նման որոշում այս տարվա ապրիլի 2-ին ընդունել էր հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը:

Անցած ամիսների ընթացքում բոլոր երեք ընկերություններն էլ հրապարակեցին պահանջվող տեղեկատվությունը, բայց ակնհայտ է, որ խնդիրը հստակեցման կարիք ունի:

«Օրանժ Արմենիան», օրինակ, շարժական կապի ծածկույթ ունեցող բնակավայրերի թվում նշել է այն բնակավայրերը, որտեղ առկա է 2G ցանցը, միաժամանակ տարբերակում մտցնելով ներբեռնման մինչեւ 42,2 Մբիթ/վրկ արագություն ապահովող (H+) տեխնոլոգիայի (HSDPA) եւ ներբեռնման մինչեւ 21,6 Մբիթ/վրկ արագություն ապահովող տեխնոլոգիայի միջեւ: Վերջինս նշված է որպես 3G+: Մինչդեռ, թե՛ այսպես կոչված 3G+ը, թե՛ H+ը կամ HSDPA-ը նույն 3G-ի մաս են կազմում:

Ընդհանուր առմամբ «Օրանժ Արմենիան» շարժական կապի ծածկույթ է ապահովում 811 բնակավայրերում: Ընկերության 3G ծածկույթը հասանելի է Հայաստանի 783 բնակավայրում, որից ներբեռնման մինչեւ 42,2 Մբիթ/վրկ արագություն (H+) է ապահովում 326 բնակավայրերում: «Օրանժ Արմենիայի» ծածկույթից դուրս է մնում 203 բնակավայր: Ընկերության ծածկույթից դուրս են մնացել Սյունիքի մարզի 52 բնակավայր, Գեղարքունիքի մարզի 29, Լոռու եւ Վայոց Ձորի մարզերի 28-ական բնակավայրեր, Արագածոտնի մարզի 15 բնակավայր:

«ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության հրապարակած տեղեկատվության մեջ շարժական կապի 3G ծառայությունների վերոնշյալ 2 տեխնոլոգիաները չեն առանձնացվել: Ըստ այդմ, նրա 3G-ն հասանելի է 946 բնակավայրում: Համաձայն ընկերության տարածած տեղեկատվության, «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը, Dual Carrier HSDPA տեխնոլոգիայով ներբեռնման մինչեւ 42,2 Մբիթ/վրկ արագություն է ապահովում 615 բնակավայրում (48 քաղաք եւ 567 գյուղ): Ընդ որում, ընկերության HSDPA ցանցը գործում է Հայաստանի բնակեցված տարածքի ավելի քան 86 տոկոսում: Միաժամանակ, «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը միակ օպերատորն է, որն ապահովում է գերարագ 4G շարժական կապի ծառայություններ: Ներկայումս նրա 4G տեխնոլոգիան հասանելի է Երեւանի բոլոր վարչական շրջաններում, Գյումրիում, Վանաձորում, Դիլիջանում եւ Ծաղկաձորում: Տեղեկացնենք, որ 4G-ն ներբեռբման համար ապահովում է տեսականորեն մինչեւ 150 Մբիթ/վրկ արագություն, իսկ վերբեռնման համարՙ մինչեւ 50Մբիթ/վրկ:

Այսպիսով, «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի ծածկույթն ապահովվում է ընդհանուր առմամբ 986 բնակավայրում, որոնցից 959-ում 2G-ի հետ մեկտեղ առկա են 3G, իսկ 16-ումՙ նաեւ 4G ցանցերը: Ընկերության ծածկույթում ներառված չէ ընդամենը 18 բնակավայրՙ 5- ական բնակավայր Արագածոտնի եւ Սյունիքի, 3 բնակավայրՙ Գեղարքունիքի, 1-ական բնակավայրՙ Արմավիրի, Լոռու, Շիրակի, Վայոց Ձորի եւ Տավուշի մարզերում:

Արմենտել ընկերության GSM (2G) ցանցը ներառում է 644 բնակավայր, իսկ UMTS (3G) ցանցն առկա է այդ բնակավայրերից ընդամենը 330-ում: «Արմենտելի» կայք էջում զետեղված տեղեկատվությունը ձեւաչափով տարբերվում է մյուս երկու օպերատորների տրամադրած տեղեկատվությունից: Ըստ այդմ, նշված է, որ ընկերությունը, մասնակիորեն GSM տեխնոլոգիայով, այսինքն 2G-ով է ապահովում 410 բնակավայր: 3G-ն մասնակիորոն հասանելի է 59 բնակավայրում: Արդյունքում, ընկերության GSM ծածկույթից դուրս է մնացել 150 բնակավայր, իսկ 3G ցանցը հասանելի չէ 496 բնակավայրում:

Հետաքրքրական է, որ այդքան բնակավայրերում չապահովելով ծածկույթ, «Արմենտելի» (Beeline) նշում է, որ ընկերությունը բջջային կապի ծածկույթ է ապահովում Հայաստանի տարածքի 98 տոկոսում: Այսինքն, գրեթե այնքան, որքան «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը (99.5 տոկոս), որը ծածկույթ չուներ ընդամենը 18 բնակավայրում: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն էլ առանձնապես չի հետաքրքրվում, թե ինչպես է ստացվում, որ ծածկույթի ապահովված բնակավայրերի թվի նման ահռելի տարբերության պարագայում, տոկոսային առումով «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի ու «Արմենտելի» ներկայացրած տվյալները գրեթե նույնն են:

Հաջորդը: Իր պաշտոնական կայք էջում «Օրանժ Արմենիան» նշում է, որ տրամադրում է «ամենամեծ 3G+ ցանցի ծածկույթ Հայաստանի տարածքում»: Այնինչ, ինչպես արդեն նշեցինք, 3G+-ը դա ըստ էության նույն 3G-ն է, իսկ ամենից մեծ 3G ծածկույթ է ապահովում «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը 959 բնակավայրում, «Օրանժ Արմենիայի» ընդամենը 783 բնակավայրի դիմաց: Նման իրավիճակում բաժանորդների համար թյուրիմացություն է առաջանում եւ նրանք, չունենալով մասնագիտական կրթություն, չեն կարողանում տարբերակել, թե ո՞ւմ ասածն է համապատասխանում իրականությանը եւ ի՞նչ ասել է 3G, H+ կամ 3G+: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի պարտականությունն է պահանջել ընկերություններից պարզ եւ հասկանալի ձեւակերպումներով հանրությանը ներկայացնել պահանջվող տեղեկատվությունը, զերծ մնալով շփոթություններ առաջացնելուց եւ այդպիսով վարկանիշ բարձրացնելուց:

Թերեւս, նաեւ իրենք օպերատորները պետք է մշակեն եւ տվյալներ ներկայացնեն ծածկույթով ապահովված եւ ծածկույթից դուրս մնացած բնակավայրերի համադրելի եւ միասնական ձեւաչափ, որտեղ բացառվեն տեխնոլոգիաների սուբյեկտիվ հասկացությունները, ինչպիսիք են, օրինակ H+-ը կամ 3G+-ը: Ներկայումս բջջային հեռախոսների բազմաթիվ մոդելներ, 3G ցանցում գտնվելու ժամանակ, անկախ նրանից, թե տվյալ տեղանքում 3G-ն ո՞ր տեխնոլոգիայով է տրամադրվում` UMTS, WCDMA թե HSPA, իրենց էկրանին ցույց են տալիս բացառապես 3G: Միայն առանձին արտադրողներ են HSPA ցանցը որսալու դեպքում օգտագործում H+ խորհրդանիշը:

Մի խոսքով, խնդիրն իսկապես առկա է եւ այն առավելապես առնչվում է արդար եւ ազնիվ մրցակցությանը, ապա նաեւ բաժանորդներին մոլորեցնելուց զերծ մնալուն: Այսինքն, կարգավորող մարմինը այստեղ դեռեւս կարգավորելու հարցեր ունի:

Միաժամանակ, ճիշտ կլիներ եւ հուսով ենք, որ հանձնաժողովը կհրապարակի համեմատական տեղեկատվություն, որտեղ նշված կլինի, թե օպերատորներից յուրաքանչյուրն ի՞նչ ծածկույթ ունի եւ որտե՞ղ ընդհանրապես ծածկույթ չունիՙ ըստ բնակավայրերի եւ տոկոսային առումով: