14:48 | 11.09.14 | Նորություններ | 957

Կառավարությունը հավանություն է տվել ՏՏ ոլորտին արտոնություններ տվող օրինագծերին

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին մի շարք արտոնություններ տրամադրող օրենքների նախագծերին:

«Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» եւ եւս երեք օրենքներում լրացումներ կատարելու օրենքների նախագծերը միտված են մարդկային կապիտալում ներդրումները խթանելու, ՏՏ ոլորտի հետագա զարգացումն ապահովելու եւ տարածաշրջանում Հայաստանի ՏՏ ոլորտի մրցունակությունը բարձրացնելու նպատակին, հաղորդել է կառավարության մամուլի ծառայությունը:

Այդ նախագծերով առաջարկվում է ՏՏ ոլորտում օրենքով սահմանված կարգով հավաստագրված կազմակերպությունների համար կիրառել շահութահարկի 0 տոկոս դրույքաչափ, եկամտային հարկի 10 տոկոս դրույքաչափ ՝ անկախ ամսական հարկվող եկամտի չափից:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն առաջարկել է վերանայել արտոնության տրամադրման ժամկետը՝ մինչեւ 2017թ., անհրաժեշտության դեպքում երկարաձգելու պայմանով, ինչպես նաեւ ճշգրտել, թե ի՞նչ է կորցնելու պետբյուջեն արտոնության տրամադրման արդյունքում:

Օրենքների նախագծերի փաթեթը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային ժողով: