18:41 | 04.09.14 | Նորություններ | 3202

ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացրել է գործարար էթիկայի նրբությունները

ՎիվաՍել-ՄՏՍ-ը հյուրընկալել է «Հայաստանի պատանեկան նվաճումների» ամառային ճամբարի «Բիզնես-առաջադրանք» մրցույթի հաղթողներին եւ ծրագրի մանկավարժներին:

«Ժամանակակից աշխարհը ռազմավարական լուրջ գործիքներ է առաջարկում մարդկությանը: Դրանց կիրառման եւ արդյունավետ կառավարման համար հարկավոր է տիրապետել որոշ հմտությունների եւ գիտելիքների: Տեսականորեն այդ ամենը հեշտ է: Գործնականում, սակայն, կարեւոր մարտահրավեր է դառնում ոչ միայն շուկան` իր պահանջներով ու ներկայացրած խնդիրներով, այլեւ՝ մարդկային ռեսուրսների կառավարումը: ՎիվաՍել-ՄՏՍ-ն առաջնորդվում է կառավարման քաղաքակիրթ, ճկուն եւ պատասխանատու մոտեցմամբ: Առաջարկում եմ մեր մասնագետների հետ ինտերակտիվ շփման միջոցով բացահայտել գործարար էթիկայի եւ պատասխանատու բիզնեսի նրբությունները»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Դասընթացի արդյունքում պատանիներն արձանագրել են, որ շուկայի ուսումնասիրությունը, տեխնոլոգիապես արդարացված ռազմավարություն մշակելը, լուծումներ առաջարկելն ու դրանք կյանքի կոչելը բավարար չեն պատասխանատու բիզնես լինելու համար: Նրանք բացահայտել են, թե ինչու՞ է հավասարապես կարեւորվում կոմերցիոն եւ սոցիալական արտադրանքը, թե ծրագիր մշակելիս ինչպե՞ս պետք է զարգացնել միտքը, գնահատել շուկայի եւ մրցակցության հնարավոր ազդեցությունը, դրսեւորել ազնիվ մրցակցություն եւ այլն: