16:34 | 28.08.14 | Նորություններ | 3681
Orange Հիմնադրամը նոր համայնքային զարգացման ծրագրեր է մեկնարկել Գեղարքունիքի մարզում:
Ինչպես հաղորդում են Օրանժի լրատվական ծառայությունից, Հիմնադրամի ներկայացուցիչների մասնակցությամբ մարզում ամփոփվել են երեխաներին աջակցող «Ակնոցներ Հայաստանի համար» ծրագրի արդյունքները եւ պաշտոնապես բացել Վարդենիս քաղաքի նոր Զարգացման եւ վերականգնողական ինտեգրված կենտրոնը, Ակունք գյուղի համակարգչային սրահը:
«Ակնոցներ Հայաստանի համար» նախաձեռնության շրջանակներում Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի եւ 32 համայնքների 6200 երեխաներ անցել են անվճար ակնային հետազոտություն: «Ֆրանսիայի հայկական բժշկական միություն - Փարիզ» ՀԿ-ի (ՖՀԲՄ) եւ Orange Հիմնադրամի աջակցությամբ իրականացվող այս ծրագիրը ուղղված է երեխաների մոտ տեսողության խնդիրների վաղ հայտնաբերմանն ու կանխարգելմանը: Ծրագրի շրջանակներում տեղի ակնաբույժների համար ՖՀԲՄ-ի մասնագետների կողմից կազմակերպվել եւ անցկացվել են ակնային հետազոտությունների վերաբերյալ հատուկ դասընթացներ: Ակնային հետազոտություններից հետո ՖՀԲՄ-ի մասնագետների կողմից իրականացվել է 407 հատուկ հետազոտություն եւ պատրաստվել ու տրամադրվել է 241 անհատականացված ակնոց:
«Orange Հիմնադրամը մեծապես կարեւորում է երեխաների եւ հաշմանդամություն ունեցող մեծահասակների աջակցության խնդիրը: Արդեն չորրորդ տարին անընդմեջ մեր գործընկերների հետ համատեղ իրականացնում ենք շարժական հիվանդանոցի ակնաբուժության ծրագիրը, որի շրջանակներում 9 մարզերի ավելի քան 55’000 բնակիչ ստացել է անվճար ակնային հետազոտության եւ բուժման ծառայություններ», - ասել է Orange Հիմնադրամի խորհրդի նախագահ Ֆրանսիս Ժելիբտերը:
««Ֆրանսիայի հայկական բժշկական միություն - Փարիզ» ՀԿ-ի կողմից «Ակնոցներ Հայաստանի համար» ծրագիրն իրականացվում է 2004թ.-ից ի վեր: Այս տարի ծրագիրն իրականացնում ենք Orange Հիմնադրամի հետ համատեղ ջանքերով Գեղարքունիքի մարզի Վադենիս քաղաքում եւ 32 համայնքներում: Երեխաների շրջանում ակնային հետազոտություններ իրականացնելուց եւ մեր մասնագետների կողմից տեղում պատրաստվող անհատականացված ակնոցներ տրամադրելուց զատ` մենք նաեւ անցկացրել ենք հատուկ դասընթացներ տեղի բուժանձնակազմի համար, որը թույլ կտա վերջիններիս մարզի բնակիչների համար իրականացնել պարբերական ստուգումներ եւ ակնային հետազոտություններ», - ասել է «Ակնոցներ Հայաստանի համար» ծրագրի ղեկավար, բժիշկ Լեոն Արթինյանը:
Orange Հիմնադրամի ներկայացուցիչների Վարդենիս կատարած այցի շրջանակներում կայացել է նաեւ հատուկ Զարգացման եւ վերականգնողական ինտեգրված կենտրոնի պաշտոնական բացումը, որը տեղի բնակիչներին, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող շուրջ 180 երեխաների եւ երիտասարդների, հնարավորություն կընձեռի համապատասխան մասնագետների օգնությամբ անցկացնել անհատական պարապմունքներ, բարելավել իրենց առողջական վիճակը, աջակցել կրթական գործընթացին, ինչպես նաեւ ստանալ մասնագիտական կրթություն, սովորել արհեստներ: Կենտրոնը բացվել է «Աստղավարդ» Հաշմանդամ երեխաների ծնողների ՀԿ-ի հետ համագործակցության շրջանակներում:
Նույն օրը Orange Հիմնադրամի ներկայացուցիչները այցելել են նաեւ Ակունք գյուղ` մասնակցելու նոր համակարգչային սրահի բացման արարողությունը, որը ստեղծվել է «Շեն» բարեգործական կազմակերպության հետ համագործակցության շրջանակներում: Նորաբաց համակարգչային սրահը համալրված է Orange MyFi 3G երթուղիչով, որն ապահովում է մինչեւ 21.6 Մբ/վ ներբեռնման արագություն, համակարգիչներով, տպիչ սարքով եւ հարմարավետ կահույքով: Սա արդեն թվով 23-րդ համակարգչային սրահն է՝ բացված Հայաստանի տարբեր գյուղական համայնքներում: