10:56 | 23.07.14 | Նորություններ | 4113

ՎիվաՍել-ՄՏՍ-ը նոր հիմնական կայան է տեղադրել Խոսրովի արգելոցի հարակից տարածքում

ՎիվաՍել-ՄՏՍ-ը նոր հիմնական կայան է տեղադրել Խոսրովի արգելոցի հարակից՝ «Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան» պահպանվող տարածքում:

Նորակառույց կայանը ծառայելու է Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) «Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան»-ում անխափան բջջային կապ ապահովելուն, ինչպես նաեւ կնպաստի անձնակազմի եւ այցելու-գիտնականների կողմից՝ արգելոցի տարածքում հետազոտությունների անցկացմանը:

Բարձր լեռնային գոտում բջջային կապից օգտվելու հնարավորությունից բացի՝ նորակառույց կայանը թույլ կտա իրական ժամանակում անհրաժեշտ տվյալներ փոխանցել Ուրցաձորի էկոկրթական կենտրոն՝ SIM-քարտի հնարավորություն ունեցող թվային տեսախցիկների միջոցով, որոնք տրամադրել էր ՎիվաՍել-ՄՏՍ-ը:

Նման ռելիեֆով բարձր լեռնային գոտիներում առավել դժվար է իրականացնել շինմոնտաժային աշխատանքներ: Անգամ ամենագնաց մեքենաները դժվարությամբ են հաղթահարում լեռնային ճանապարհը: Արտաքին էլեկտրասնուցման համար տեղադրվել է տրանսֆորմատորային ենթակայան եւ փայտե սյուների վրայով անցկացվել է 1,5 կմ երկարությամբ բարձր լարման հոսանքագիծ, որը լեռան գագաթին գտնվող հիմնական կայանը միացնում է հոսանքի հիմնական աղբյուրին:

Հիմնական կայանը գտնվում է ծովի մակարդակից 1300 մ բարձրություն ունեցող լեռան վրա:

«Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան»-ը գտնվում է ժայռերով շրջապատված մեկուսի վայրում եւ ձմռանը, առատ ձյան ժամանակ, ճանապարհները կարող են անանցանելի դառնալ, եւ շարժական հաղորդակցության հասանելիությունն առաջնային անհրաժեշտություն է հանդիսանում:

Ուրցաձորի էկոկրթական կենտրոնի ջեռուցումն ու տաք ջրի մատակարարումն իրականացվում է արեւային վահանակների միջոցով: ՎիվաՍել-ՄՏՍ-ի օգնությամբ՝ տրանսֆորմատորային ենթակայանից առանձին հոսանքագիծ կանցկացվի կենտրոն՝ պոմպակայանի միջոցով գետից ջուր հանելու եւ հաճախակի ոռոգման կարիք ունեցող ավելի քան 2000 նորատունկ ծառերը ջրելու համար:

«Նորարարությունը ինքնանպատակ կլիներ, եթե չծառայեր մարդկության առաջընթացին: ՎիվաՍել-ՄՏՍ-ի դերը մեր հասարակությունում չի սահմանափակվում բնակչությանը հեռահաղորդակցության ծառայությունների տրամադրման շնորհիվ շահույթի ստացմամբ: Շրջակա միջավայրը վտանգված է: Դեպի ծովը ելք չունեցող մեր երկիրը պատկանում է աշխարհի այն 34 տարածաշրջաններին, որոնք «Conservation International» կազմակերպության կողմից ճանաչվել են որպես Երկիր մոլորակի կենսաբազմազանության պահպանման կարեւորագույն գոտիներ:  Մենք պետք է հոգ տանենք մեր բնական ժառանգության պահպանման մասին, այլապես՝ վաղը կարող է չափազանց ուշ լինել»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: