09:55 | 16.07.14 | Նորություններ | 782
ՏՏ ոլորտում դրամաշնորհային ծրագրերի, կրթական ծրագրերում մասնավոր ներդրումների՝ ԱԱՀ-ով հարկման նպատակահարմարության, ինչպես նաեւ ոչ ռեզիդենտ կազմակերպությունների հարկման ինստիտուտին եւ հարկային վարչարարությանը վերաբերող հարցեր են քննարկվել Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի նիստում:
Առաջարկվել է խնդիրների լուծումը դիտարկել օրենսդրական փոփոխության ձեւաչափի շրջանակում, հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներին՝ սեղմ ժամկետում շահագրգիռ բոլոր կողմերի մասնակցությամբ համակողմանիորեն քննարկել հարցերը եւ ներկայացնել լուծման փոխադարձ ընդունելի տարբերակներ:
Նիստում քննարկվել է նաեւ ՏՏ լաբորատորիաներում, ինկուբատորներում, ակսելերատորներում եւ այլ կենտրոններում անվճար ու վճարովի հիմունքներով ուսանողական պրակտիկայի կազմակերպման հարցը: Առաջարկվել է աշխատանքային/հարկային օրենսդրությամբ հստակ սահմանել ուսանող-փորձնակների կարգավիճակը եւ համապատասխան կարգավորումներ նախատեսել նրանց պայմանագրում՝ սուբյեկտիվ մեկնաբանություններից խուսափելու համար: