12:34 | 05.06.14 | Նորություններ | 3760

Շարունաս Մարչյուլյոնիսի այցով մեկնարկել է «Մեծ չեմպիոններ» նախագիծը

Մեդիամաքս մեդիա ընկերության նախաձեռնությամբ եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ մեկնարկել է «Մեծ չեմպիոններ» նախագիծը:

Մեդիամաքս-ի տնօրեն Արա Թադեւոսյանն այսօր ասել է, որ նախագծի շրջանակում Հայաստան կայցելեն այն մարզաձեւերի լեգենդար մարզիկները, որոնցով այստեղ զբաղվում են երիտասարդները եւ երեխաները:        

Հայաստանում Լիտվայի դեսպանատան առաջարկով, նախագծի առաջին հյուրն է դարձել լիտվացի լեգենդար բասկետբոլիստ, Օլիմպիական խաղերի չեմպիոն Շարունաս Մարչյուլյոնիսը:

«Լիտվայի անկախությունից հետո Շարունասն առաջինը երկրում հիմնեց բասկետբոլի մասնավոր ակադեմիա: Իհարկե, մրցակցությունը բավականին ուժեղ էր: Լիտվայում բասկետբոլը զարգացնելու համար նա շեշտը դրեց երեխաների վրա», - ասել է Հայաստանում Լիտվայի դեսպան Էրիկաս Պետրիկասը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն ասել է, որ այս նախագիծը հետաքրքիր է հատկապես հայ երիտասարդության համար:

«Մեր երիտասարդներին պետք են այսպիսի չեմպիոններ, որպեսզի իրենք ոգեւորվեն, ավելի տրամադրվեն եւ, իհարկե, դասեր քաղեն չեմպիոնի անցած ուղուց: Իսկ ամենակարեւորն այն է, որ մեր երիտասարդների դեմքին միշտ ժպիտ լինի, նրանք հույս ունենան, որ կարող են այսպիսի ճանապարհ անցնել եւ այսպիսի չեմպիոն դառնալ»,- ասել է Ռալֆ Յիրիկյանը:  

Իսկ Շարունաս Մարչյուլյոնիսը կիսվել է ասուլիսի մասնակիցների հետ իր հաջողության բանաձեւով. «Երբեք չհանձնվել, միշտ մտածել, որ կհաղթես»:

«Ես ուրախ եմ գտնվել Հայաստանում եւ մասնակցել այսպիսի կարեւոր նախագծին: Կարեւորում եմ այն, որ մենք կարողացանք երեխաներին ցույց տալ այն ճանապարհը, որը տանում է դեպի բասկետբոլի զարգացում: Լինել ակտիվ, զբաղվել սպորտով շատ կարեւոր է երեխաների համար»,- ասել է լեգենդար բասկետբոլիստը:

Հավելենք, որ հայաստանյան այցի շրջանակում Շարունաս Մարչյուլյոնիսը արդեն  հանդիպել է ՀՀ սպորտի նախարար Գաբրիել Ղազարյանի եւ Ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար եւ Բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանի հետ:

«Հանդիպման ժամանակ ես առաջարկեցի, որ հայ մարզիչները գան մեզ մոտ Ակադեմիա վերապատրաստվելու»,- ասել է Շարունաս Մարչյուլյոնիսը:

Խոսելով հայկական բասկետբոլի ներկայի մասին՝ մարզիկն ասել է, որ Հայաստանում բացակայում է ավանդույթը, սակայն այն հարկավոր է ձեւավորել: Նա առաջարկել է մշակել բասկետբոլի հայկական ոճ՝ հաշվի առնելով հայ մարզիկների հիմնականում ցածր հասակը: Շարունաս Մարչյուլյոնիսի խոսքով, շեշտը պետք է դրվի արագության եւ հեռահար նետումների վրա:

Հավելենք, որ հայաստանյան այցի շրջանակում Շարունաս Մարչյուլյոնիսը վարպետության դաս է անցկացրել Երեւանից, Գյումրիից եւ Արթիկից շուրջ 140 հայ երեխաների համար: Բացի այդ, «Մոսկվա» կինոթատրոնում տեղի է ունեցել լիտվական բասկետբոլի ֆենոմենի մասին պատմող «The Other Dream Team» ֆիլմի ցուցադրությունը: