14:40 | 02.06.14 | Նորություններ | 2974
Տաղանդավոր պատանիների առջեւ արդեն չորրորդ անգամ իր դռներն է բացել «Նոր անուններ» միջազգային փառատոնը, որի գլխավոր գործընկերը ՎիվաՍել-ՄՏՍ-ն է:
«Կատարողական արվեստում հաջողության հասնելու համար երկար տարիների քրտնաջան աշխատանք եւ լսարանի առջեւ հանդես գալու փորձ է պահանջվում: Ներկայացուցչական դարձած այս փառատոնը թույլ է տալիս բեմը տրամադրել պատանիներին` նրանց կատարողական հնարավորություններն ու կարողությունները բացահայտելու եւ զարգացնելու համար: Ողջունում եմ «Նոր անուններ» փառատոնի հերթական մեկնարկը` համոզված լինելով, որ տաղանդավոր կատարողների նոր սերունդ բացահայտելուց բացի, այն հաճելի ապրումների առիթ կդառնա հանդիսատեսի համար»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Հունիսի 1-4-ը Երեւանում նախատեսված փառատոնի կազմում ընդգրկվել են 10 երկրի` Հայաստանի, Ռուսաստանի, Դանիայի, Կանադայի, Կուբայի, Լատվիայի, Վիետնամի, Վրաստանի, Չեխիայի եւ Մալթայի շնորհալի շուրջ 40 պատանի երաժիշտ-կատարողներ, ովքեր միջազգային եւ հանրապետական մրցույթների ու փառատոների բազմակի դափնեկիրներ եւ տարբեր հիմնադրամների կրթաթոշակառուներ են: