18:08 | 22.05.14 | Նորություններ | 3611
Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը եւ նրա գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ը կենսաբազմազանության միջազգային օրը համատեղ միջոցառում էին կազմակերպել Ուրցաձոր գյուղի հարակից տարածքում` Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում:
Միջոցառմանը մասնակցել է բրիտանական «Վորլդ Լենդ Թրաստ» միջազգային ընկերության պատվիրակությունը: Հանդիպման ընթացքում ամփոփվել են Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում կողմերի համատեղ ջանքերով իրականացված ծրագրերի արդյունքները:
«ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ Վայրի բնության եւ մշակութային արժեքների հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերի նպատակն է սթափեցնել մարդկությանը եւ իրականացնել բնապահպանական կրթության շարունակական ծրագրեր: Շրջակա միջավայրի հանդեպ բացառապես սպառողի հոգեբանությամբ առաջնորդվելու դեպքում Երկիր մոլորակը կարող ենք տանել ոչնչացման: Ժամանակն է, որ մենք սկսենք գիտակցել էկոլոգիական խնդիրները եւ միջոցներ ձեռնարկենք դրանց կանխարգելման ուղղությամբ: Այս ծրագրերի միջոցով մենք պետք է մարդկանց օգնենք հասկանալ, որ բնության պահպանությունը նույնքան կարեւոր է, որքան պետական սահմանն անառիկ պահելը»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
«Վորլդ Լենդ Թրաստ» ընկերության հիմնադիր եւ ղեկավար Ջոն Բարթոնը ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությանը պարգեւատրել է շնորհակալագրով՝ Հայաստանի բնության պահպանության գործում ունեցած մեծ ավանդի համար: