14:56 | 20.05.14 | Նորություններ | 1139

Երեւանում կկայանա Mobile App Expo 2014 ցուցահանդեսը

Մայիսի 30-31-ին Երեւանում կկայանա մոբայլ հավելվածների Mobile App Expo 2014 ցուցահանդեսը, որի ընթացքում ընկերությունները կներկայացնեն խելացի հեռախոսների եւ սարքերի համար իրենց կողմից մշակված խաղեր, բիզնես, կրթական, ժամանցային եւ սոցիալական ծրագրեր:

Միջոցառման նպատակն է հայ օգտատերերին ցույց տալ ինչպես տեղական սպառման համար մշակված, այնպես էլ աշխարհում արդեն իսկ միլիոնավոր օգտագործողներ ունեցող հավելվածներ, որոնց պատրաստման գործընթացը կատարվել է Հայաստանում:

«Հայաստանը մոբայլ հավելվածների ոլորտում դառնում է տարածաշրջանային առաջատար: Ցուցահանդեսը կհյուրընկալի մոբայլ ոլորտի ընկերությունների, որոնցից են Օրանժ Արմենիան, Ինսթիգեյթ Մոբայլը, ԱրմԹաբը, ԱյԴրամը, Սամսունգը եւ այլն»,- ասել է «Մայքրոսոֆթ» ընկերության հայաստանյան ներկայացուցչություն տնօրեն Գրիգոր Բարսեղյանը:

«էմ լաբ էկա»-ի տնօրեն Մարիամ Դավթյանը տեղեկացրել է, որ ցուցահանդեսը բաղկացած է լինելու երկու մասից:

«Առաջին օրը` մայիսի 30-ին, այցելուները տաղավարներում կարող են փորձարկել եւ ծանոթանալ բազմազան հավելվածների` գրքեր հեռախոսում, ինտերակտիվ այբբենարան, բանկերում տարադրամի լավագույն արժույթ, կրթական եւ արկածային խաղեր եւ այլն: Իսկ ցուցահանդեսի խաղերի գոտում մոբայլ խաղերի մրցաշարի հաղթողը Samsung ընկերության կողմից կստանա Samsung Galaxy S5 հեռախոս: Նախատեսվում է նաեւ հայկական արտադրության շարժական համակարգիչների` ԱրմԹաբերի օգնությամբ անցկացնել բաց դաս առաջին դասարանի աշակերտների համար»,- ասել է Մարիամ Դավթյանը:

«Մոբայլ հավելվածների աքսելերացիայի ճամբարում տարածաշրջանի սկսնակ ընկերությունները կաշխատեն փորձագետների հետ WindowsPhone հենքով հավելվածների գաղափարների վրա: Լավագույնները AppCampus ծրագրի կողմից կստանան ֆինանսավորում մինչեւ 70 հազ. եվրո ծավալով: Ճամբարին մասնակցող մինչեւ 3 թիմ եւ անհատ կստանան երաշխավորագիր AppCampus-ի եւ Մայքրոսոֆթի կողմից ֆինանսավորման դիմելու համար»,- տեղեկացրել է Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի տնօրեն Եվա Հյուսյանը: 

“Ձեռնարկությունների ինկուբատոր” հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը նշել է, որ ցուցահանդեսի երկրորդ օրը սկսնակ ընկերությունները հնարավորություն կունենան ներկայացնելու իրենց գաղափարները ռուսաստանյան Imperious Group եւ առաջին հայկական Granatus Ventures վենչուրային հիմնադրամներին եւ հետագայում նրանց կողմից ֆինանսավորում ստանալ: