18:22 | 10.04.14 | Նորություններ | 3671
ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակում է «Կրթական հիմնադրամ» նախագիծը: Այս տարի ընկերությունը հատկացրել է 180 մլն դրամ, որի շնորհիվ տարբեր բուհերի եւս 200 ուսանող կազատվի վարձ վճարելու բեռից:
Հատուկ կարիքներով, ծնողազուրկ եւ սոցիալապես անապահով ընտանիքներում ապրող առաջին եւ երկրորդ կուրսի ուսանողների շրջանում իրականացվող ծրագիրը մեկնարկել է 4 տարի առաջ: Այդ ընթացքում ծրագրի շահառու է դարձել 500 ուսանող: Նրանց աջակցելու համար ՎիվաՍել-ՄՏՍ-ը հատկացրել է ավելի քան 349 մլն դրամ:
«Կան ոլորտներ, որտեղ կատարվող ներդրումներն արդյունք են տալիս շատ արագ: Կրթության ոլորտը չի ենթարկվում այդ կանոններին. ավելին, պահանջում է լուրջ ներդրումներ եւ համբերություն: Սերունդների եւ երկրի զարգացման հեռանկարում հատկապես կարեւոր է երկարաժամկետ ծրագրեր իրականացնելու մոտեցումը: Մենք քաջալերում ենք մտավոր ներուժը լիարժեք բացահայտելու եւ այն զարգացնելու ուսանողների ձգտումը: Մեզ համար հոգատարությունը կորպորատիվ մշակույթ է»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: