17:14 | 04.04.14 | Նորություններ | 3401

ՎիվաՍել-ՄՏՍ-ը աջակցում է մարզերում այլընտրանքային էներգիայի ծրագրի զարգացմանը

Մեկնարկել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի ու Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) նոր համատեղ ծրագիրը, որի նպատակն է կանխարգելել շրջակա միջավայրի աղտոտումը` հնարավորություն ընձեռելով օգտագործել այլընտրանքային էներգիայի աղբյուրներ:

Ծրագրի մեկնարկը, որի իրականացման համար ՎիվաՍել-ՄՏՍ-ը կտրամադրի 70 մլն դրամ, տրվել է Գեղարքունիքի Ծովագյուղ համայնքում:

10 ամիս տեւողությամբ ծրագիրը, որը կիրականացվի Գեղարքունիքի, Տավուշի եւ Արարատի մարզերի 4 համայնքներում, պարունակում է երկու բաղադրիչ` դասընթացներ տեղաբնակների համար եւ աջակցություն` այլընտրանքային էներգիայի աղբյուրների օգտագործման բնագավառում:

Կողմերը վստահ են, որ այլընտրանքային էներգիայի եւ էներգախնայող տեխնոլոգիաների ներդրումը կարող է բարձրացնել տվյալ համայնքների տնտեսությունների էներգետիկ արդյունավետությունը եւ նպաստել բնապահպանական ու սոցիալական խնդիրների լուծմանը:

«Ծրագիրը հնարավորություն է ընձեռում բարձրացնելու համայնքի բնակիչների կենսամակարդակը՝ խնայողաբար օգտագործելով բնության բարիքները եւ հոգատար վերաբերմունք ցուցաբերելով շրջակա միջավայրի հանդեպ»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: