13:52 | 02.04.14 | Նորություններ | 2008

Հայ իրավապահները մասնակցել են կիբերհանցագործությունների քննության դասընթացներին

Երեւան: Մեդիամաքս: ՀՀ ոստիկանության մի շարք աշխատակիցներ, քննիչներ, դատախազներ այսօր մասնակցել են ԵՄ խորհրդատվական խմբի կողմից կազմակերպած կիբերհանցագործությունների քննության վերաբերյալ գործնական դասընթացներին:
 
«Հանցագործին արդար ճանապարհին բերելը հազվադեպ է հեշտությամբ եւ ուղղակի կերպով հաջողվում: Համակարգիչների ներգրավմամբ հանցագործությունների դեպքում իրավիճակն էլ ավելի դժվար է: Ապացույցը կարող է վերանալ մեկ կոճակի սեղմումով, իսկ տեխնոլոգիաներին տիրապետող հանցագործներին հաջողվում է թաքցնել իրենց գործողությունները կեղծ հետքի վարագույրի ետեւում ողջ աշխարհում, նույնիսկ այն դեպքում, երբ նրանք գտնվում են շատ մոտ: Իրավապահ մարմինները պետք է արձագանքեն գործողություններին որոնք յուրաքանչյուր օր փոփոխվում եւ զարգանում են: Այս դասընթացն իր ներդրումը կունենա Հայաստանում կիբերհանցագործություններից մարդկանց պաշտպանելու ջանքերին»,- ասել է ԵՄ խորհրդատվական խմբի իրավապահ մարմինների հարցերի խորհրդատու Սթիվեն Դեյվիդ Բրաունը:

Դասընթացի մասնակիցները ծանոթացել են կիբերհանցագործությունների բացահայտման գործնական ընթացքին, օպերատիվ աշխատակիցների եւ քննիչների համար թվային դատական փորձաքննության հիմունքներին: Նրանց նաեւ ներկայացվել են համակարգչային ցանցերի եւ համացանցային քննության տեխնիկական գործիքները եւ մեթոդները: