12:58 | 28.03.14 | Նորություններ | 2216

Microsoft-ը ներկայացրել է Office iPad-ի համար

Microsoft ընկերությունը մարտի 27-ի երեկոյան Սան Ֆրանցիսկոյում կայացած մամուլի ասուլիսում ներկայացրել է iPad-ի համար նախատեսված Office-ը: Ծրագրի ստեղծման մասին շշուկները շրջանառվում էին մեկ տարուց ավելի:

Ինչպես հաղորդում է cnews.ru-ն, Office-ի փաթեթը ներառում է Word, Excel եւ PowerPoint ծրագրերը: Արտաքնապես iPad-ի Office-ը նման է համակարգչի համար նախատեսված Office 2013-ին: Նոր Office-ը ավելի կոմպակտ է եւ հարմարեցված սենսորային էկրանին: 

Word օգտագործելիս, օգտատերը կարող է հեշտությամբ փոխել շրիֆտը, տեքստի համար ցանկալի գույն ընտրել: Excel-ի համար առաջարկվում է հատուկ ստեղնաշար, որը հեշտացնում է բանաձեւերի մուտքագրումը: PowerPoint-ի միջոցով օգտատերը կարող է ստեղծել ցանկացած պրեզենտացիա եւ ցուցադրել այն պլանշետի էկրանին:

iPad-ի Office-ը սինքրոնացվում է Microsoft OneDrive ծառայության հետ: iPad-ում ֆայլ պահելուց հետո դրա կրկնօրինակը հայտնվում է «ամպում», հետագայում օգտատերը հնարավորություն ունի բացել ֆայլը ցանկացած այլ կրիչի միջոցով:

iPad-ի Office-ը այսօրվանից հասանելի է App Store-ում: Օգտատերերն անվճար կարող են բացել եւ նայել ֆայլերը, սակայն դրանք խմբագրելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել Office 365 վճարովի ծառայությունում: