14:12 | 27.03.14 | Նորություններ | exclusive 3249

Օպերատորները լիովին պատրաստն են MNP-ի գործարկմանը, ասել է Ս. Արաբաջյանը

Բջջաին օպերատորները լիովին պատրաստ են ս.թ. ապրիլի 1-ից շարժական կապի հեռախոսահամարների տեղափոխելիության համակարգի (Mobile Number Portability-MNP) գործարկմանը:

Այս մասին Մեդիամաքս-ին ասել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ Սամվել Արաբաջյանը:

«Օպերատորների կողմից տարվող անհրաժեշտ աշխատանքները գրեթե ավարտված են, ծառայությունը կմատուցվի ապրիլի 1-ից», - ասել է նա, նշելով, որ այս պահին դրությամբ համակարգը գտնվում է թեստավորման փուլում:

Սամվել Արաբաջյանը կարծիք է հայտնել, որ համարների տեղափոխելիության ծառայությունը պահանջված կլինի Հայաստանում, իսկ օպերատորների կողմից կարող է օգտագործվել որպես գործիք՝ մատուցվող ծառայությունների որակի բարձրացման համատեքստում:

Հանձնաժողովի անդամն ասել է, որ իրենք MNP-ի գործարկման հետ կապված խնդիրներ չեն ակնկալում, քանի որ «բավականին լուրջ ուսումնասիրել ենք բոլոր հնարավոր հարցերը»:

Սամվել Արաբաջյանն ասել է, որ Հայաստանում ներդրվող ծառայությունն իր մոդելով եւ կազմակերպման հիմնական մեխանիզմով նման է Իսպանիայում գործող համակարգին:

Ավելի վաղ Մեդիամաքս-ը ներկայացրել էր Բիլայն-ի, Օրանժ-ի եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ի մեկնաբանությունները: