09:23 | 21.03.14 | Նորություններ | 3510

Orange-ի աջակցությամբ ակնաբուժական անվճար ծառայություններ կմատուցվեն մի քանի մարզերում

Մեկնարկել է Հայկական ակնաբուժության նախագծի (ՀԱՆ) եւ Orange Հիմնադրամի 2014 թ. ծրագիրը, որի շրջանակում ակնաբուժական անվճար ծառայություններ են մատուցվելու Արարատի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի, Սյունիքի եւ Արմավիրի մարզերում: Գեղարքունիքում աշխատանքներն իրականացվելու են ՀՀ առողջապահության նախարարության հատուկ առաջարկով:

Ընդհանուր առմամբ հինգ մարզերում նախատեսվում է հետազոտել 11,300 մեծահասակների եւ 4,600 երեխաների, տրամադրել շուրջ 2,000 ակնոց: Շարժական հիվանդանոցը  պատրաստ է այս 5 մարզերում իրականացնել ավելի քան 1,000 վիրահատություն եւ լազերային բուժում:

«Արդեն 4 տարի շարունակ Հայկական ակնաբուժության նախագծի հետ համատեղ Orange Հիմնադրամն իրականացնում է այս կարեւոր ծրագիրը, որի շնորհիվ ավելի քան 50 000 հոգի արդեն օգտվել են անվճար ակնային զննում անցնելու հնարավորությունից, իսկ ավելի քան 3 700 մարդ՝ անվճար վիրահատվել եւ ստացել լազերային բուժում: Այս ծրագիրն իրական փոփոխություն է բերում մարդկանց կյանքում, մասնավորապես հասարակության խոցելի անդամներին եւ անապահով ընտանիքներին հնարավորություն ընձեռելով ստանալ որակյալ ակնաբուժական օգնություն միանգամայն անվճար», - ասել է Orange Հիմնադրամի խորհրդի նախագահ Ֆրանսիս Ժելիբտերը: