15:09 | 19.03.14 | Նորություններ | 3589

Beeline SIM-քարտերը չեն «վառվի», քանի դեռ հաշվին գումար կա

ԱրմենՏել-ը (ապրանքանիշը Beeline) գործարկել է SIM-քարտի գործունեության ժամկետի նոր պայմաններ կանխավճարային համակարգի բաժանորդների համար։

Այսուհետ, հաշվեկշիռը ցանկացած չափով լիցքավորելու դեպքում գումարային միջոցները կմնան բաժանորդի հաշվեկշռին անժամկետ՝ մինչեւ բաժանորդի կողմից օգտագործվելը, իսկ SIM-քարտը կմնա ակտիվ այնքան ժամանակ, քանի դեռ բաժանորդի հաշվեկշիռը դրական է։

«ԱրմենՏել» ընկերությունը մշտապես հետեւում է բաժանորդների առաջարկներն՝ ուղղված ծառայությունների կատարելագործմանը, եւ ուրախ ենք հայտնել, որ առավելագույնս պարզեցրել ենք բոլոր պայմանները կապված SIM-քարտի եւ հաշվեկշռի վավերականության ժամկետների հետ», - ասել է ԱրմենՏել-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Զրոյական կամ բացասական հաշվեկշռի դեպքում բաժանորդի համարը միակողմանի արգելափակվում է եւ բաժանորդին հասանելի կլինեն միայն մուտքային զանգերն ու հաղորդագրությունները։ Այս ընթացքում բաժանորդի SIM-քարտն ակտիվ կմնա եւս 90 օր։ Եթե բաժանորդը չի լիցքավորում հաշվեկշիռը կամ չի իրականացնում ինչ–որ գործողություն, օրինակ չի ստանում մուտքային զանգ, ապա SIM-քարտը «վառվում» է։