15:49 | 05.02.14 | Նորություններ | 1360

«Հեղինակային իրավունքի մասին» նոր օրենքը ներառելու է ՏՏ ոլորտի պահանջներն ու ակնկալիքները

Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության (ԻՏՁՄ) եւ ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման եւ շուկայի մրցունակության ծրագրի (EDMC) նախաձեռնությամբ այսօր Երեւանում ներկայացվել է «Հեղինակային իրավունքի մասին» նոր օրենքի նախագիծը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը նշել է, որ նոր օրենքի ընդունումն առանցքային նշանակություն ունի ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտի համար եւ անմիջականորեն կապված է ոլորտի հետագա զարգացման հետ:

ԻՏՁՄ փորձագետ Սոնա Վարդանյանը, ներկայացնելով գործող օրենքի եւ նոր օրենքի տարբերությունները, ասել է, որ դրանք պայմանավորված են հեղինակային իրավունքների պաշտպանության ոլորտում Եվրամիության  դիրեկտիվների փոփոխությամբ:

«Օրենքի նախագծում ընդգրկված փոփոխություններն առնչվում են հեղինակի ստեղծագործությունների օգտագործման, երաժշտական ստեղծագործությունների հեղինակների իրավունքների պահպանության ժամկետի երկարաձգման, նյութերի ազատ օգտագործման հետ: Այս բոլոր դրույթները վերաբերում են նաեւ թվային միջավայրին»,- ասել է փորձագետը:

Գույքային իրավունքների գործողության ժամկետին վերաբերող գործող օրենքի դրույթների համեմատությամբ, նախագծում համահեղինակներին վերաբերող նոր դրույթ է ընդգրկված` երաժշտական ստեղծագործության համահեղինակների հեղինակային իրավունքների պահպանման ժամկետը սահմանել տեքստի եւ երաժշտության հեղինակներից վերջինի մահից հետո 70 տարին` գործող օրենքով ամրագրված 50 տարվա փոխարեն: Նույնատիպ 70-ամյա ժամկետ է սահմանվել կատարողների եւ հնչյունագրեր արտադրողների համար: 

Օրենքի նախագծում մանրամասն ներկայացվում են նոր դրույթներ հրատարակչական պատվերի, ֆիլմարտադրության պայմանագրերի վերաբերյալ, որոնց ընդունումը կօգնի իրավատերերին գրագետ պայմանագրեր կնքել օգտագործողների հետ, նշել փոխանցվող իրավունքները, ժամկետները, վարձատրության պայմանները եւ կանխել հնարավոր իրավախախտումները:

Նախագիծը նախատեսում է նոր դրույթ, որով իրավատերը հնարավորություն է ստանում կառավարել իր հեղինակային իրավունքներն անձամբ կամ ներկայացուցչի միջոցով:

Նախատեսվում է նաեւ ապացույցների պահպանման նպատակով պահպանվող օբյեկտների գրանցումն ու ի պահ հանձնումը պետական լիազոր մարմնի գրանցամատյանում: Պահատվության ժամկետը սահմանվում է 10 տարի: Այս դրույթը նպատակ ունի հեշտացնել վիճելի իրավիճակներում եւ դատական մարմիններում իրավախախտման վերաբերյալ ապացույցներ ներկայացնելու դժվարությունը: