16:58 | 30.01.14 | Նորություններ | 4410

Orange Հիմնադրամն աջակցում է տեսողության խանգարումներ ունեցող երեխաներին

Orange Հիմնադրամի աջակցությամբ «Մարի Իզմիրլյանի» անվան մանկատան տարածքում այժմ արդեն գործում է կենտրոն` ի սպաս մանկատանը բնակվող եւ տեսողության խնդիրներ ունեցող երեխաների:

Հատուկ սարքավորումներով եւ ուսումնական նյութերով հագեցած այս կենտրոնը կհեշտացնի տեսողության խանգարումներ ունեցող երեխաների ուսումնական գործընթացն ու կնպաստի հետագայում նրանց ինտեգրմանը հասարակություն: Մասնագիտացված ուսումնական նյութերի թվում են տեսողության խանգարումներ ունեցող երեխաների համար նախատեսված գրքերի հավաքածուներ, ինչպես նաեւ ավելի կրտսեր տարիքի երեխաների զարգացմանը նպաստող հատուկ խաղալիքներ:

Այս նախագիծն իրականացվել է 2012թ. Orange Հիմնադրամի մեկնարկած հատուկ ծրագրի շրջանակներում, որի նպատակն է Օրանժ Արմենիա ընկերության աշխատակիցներին հնարավորություն ընձեռել սեփական նախաձեռնությամբ իրականացնել բարեգործական ծրագրեր: Վերոհիշյալ ծրագրի իրականացմանն ուղղված դրամաշնորհը հատկացվել է Օրանժ Արմենիա ընկերության Վաճառքի բաժնի աշխատակից Քրիստինե Վարդանյանին: Սա Orange-ի աշխատակիցների առաջարկների հիման վրա ֆինանսավորվող թվով հինգերորդ ծրագիրն է:

«Orange Հիմնադրամը մեծապես կարեւորում է տեսողության խանգարումներ ունեցող մարդկանց խնդիրները: «Մարի Իզմիրլյանի» անվան մանկատան սաներն այս առումով առավել խոցելի են, սակայն, բարեբախտաբար, օրեցօր զարգացող տեխնոլոգիաները նման երեխաներին աջակցելու ավելի մեծ հնարավորություններ են ընձեռում: Այս նախաձեռնությունը լրացնում է Հայկական Ակնաբուժության Նախագիծ կազմակերպության հետ մեր կողմից իրականացված աշխատանքը, որի շրջանակներում 2011 թ-ից ի վեր ավելի քան 50,000 հոգի ստացել են անվճար ակնաբուժական օգնություն: Ցանկանում եմ հատկապես շնորհավորել Քրիստինեին այս հիանալի նախաձեռնության համար եւ խրախուսել Orange-ի բոլոր աշխատակիցներին շարունակել ներկայացնել մարդկանց կյանքը բարելավող նախագծերի առաջարկներ»,- ասել է Orange Հիմնադրամի խորհրդի նախագահ Ֆրանսիս Ժելիբտերը:

«Մարի Իզմիրլյանի» անվան մանկատունն իրականացնում է կենտրոնական նյարդային համակարգի օրգանական եւ ֆունկցիոնալ ախտահարումներ, բնածին եւ ձեռքբերովի ֆիզիկական արատներ ունեցող մինչեւ 18 տարեկան հաշմանդամ երեխաների շուրջօրյա խնամք ու դաստիարակություն, ուսուցում ու զարգացում, ինչպես նաեւ բուժօգնության կազմակերպում: Ներկայումս մանկատան խնամքի ներքո գտնվում է 93 երեխա, որոնցից 35-ն ունեն տեսողության խնդիրներ: