ԱՊՀ երկրների ինովացիոն համագործակցության միջպետական ծրագրի շրջանակներում Հայաստանը ներկայացրել է 40 ծրագիր, որոնցից հավանության են արժանացել 5-ը:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր այս մասին ասել է ՀՀ կրթության եւ գիտության նախարարության Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը:
Նրա խոսքով, միջպետական ծրագրի հիմնական շարժիչ ուժը լինելու է «Սկոլկովո» հիմնադրամը:
Սամվել Հարությունյանն ասել է, որ ծրագրի շրջանակներում ներկայացված նախագծերը «Սկոլկովո» հիմնադրամի կողմից փորձաքննությանն են ուղարկվում միջազգային փորձագետներին:
Հայաստանի կողմից ներկայացված եւ հավանություն ստացած ծրագրերը առնչվում են հիմնականում բնական գիտություններին:
Սամվել Հարությունյանը հավելել է, որ հավանություն ստացած ծրագրերի ֆինանսավորմամբ կզբաղվի մի նորաստեղծ հիմնադրամ, որի մասնակիցները կլինեն ԱՊՀ անդամ երկրները: Անհրաժեշտ գումարի մեծ մասը՝ 80-85%-ը կներդնի Ռուսաստանը: Հիմնադրամի ստեղծման ծրագիրն ընթացքի մեջ է: