19:45 | 15.01.14 | Նորություններ | exclusive 3148

ADC-ն կընդլայնի համագործակցությունը անկախ միջազգային մատակարարի հետ

ADC ընկերության բիզնեսի զարգացման գծով տնօրեն Կարեն Սարգսյանն այսօր ասել է, որ ինտերնետ ծառայության տրամադրման հետ ծագած խնդիրների պատճառ են հանդիսացել ADC-ի եւ նրա հետ համագործակցող ընկերությունների միջեւ տեխնիկական խնդիրները:

Մեդիամաքս-ի թղթակցի հետ զրույցում Կարեն Սարգսյանն ասել է, որ ADC-ի հետ համագործակցող ինտերնետ կապ տրամադրող ընկերությունների հետ կապը խափանվել է։

«Տեխնիկական խնդիրները ծագել էին հունվարի 14-ին` ժամը 15:00-ից սկսած: Այդ ժամից մինչեւ հունվարի 15-ի 18:00-ն մենք մեր հաճախորդներին Հայաստանից դուրս կապ չենք տրամադրել: Կապ ենք տրամադրել միայն am գոտու համար: Խնդիրը լուծելու համար Հայաստանից դուրս գտել ենք վստահելի գործընկերներ, եւ այս պահին մեր բաժանորդներն արդեն ապահոված են ինտերնետ կապով: Շարունակելու ենք բարելավել մեր ծառայության որակը, քանի որ գտել ենք համաշխարհային մակարդակի առաջատար մատակարարի»,- ասել է նա:

Կարեն Սարգսյանը նշել է, որ նոր մատակարար է հանդիսանում Level 3 Communications, Inc-ը, որի հետ միացման աշխատանքները արդեն ավարտված են:

Նրա խոսքերով, ADC չի դադարեցրել համագործակցությունը նախկին մատակարարի հետ, այլ ժամանակավոր սառեցրել է այն:

«Վրաստանում գտնվող մեր ինտերնետ մատակարարի հետ կկառուցենք ուղիղ հարաբերություններ, առանց միջնորդների»,-  ասել է ընկերության ներկայացուցիչը:

Բացի այդ, նա տեղեկացրել է, որ ADC-ն մտադիր է համագործակցել երկրորդ խոշոր եւ անկախ մատակարարի հետ՝ դրանով ապահովելով կապի անկախությունը եւ հուսալիությունը: 

«Ընդլայնելով համագործակցության շրջանակները, մենք կստեղծենք այնպիսի ենթակառուցվածքներ, որոնք մեր կորպորատիվ բաժանորդներին թույլ կտան ամբողջությամբ ապահովագրել նմանատիպ իրավիճակներից», - նշել է նա:

Ընկերության ներկայացուցիչը Մեդիամաքս-ին տեղեկացրել է, որ ընկերության բաժանորդները բոլոր ինտերնետային ծառայությունների մասով կստանան 20% զեղչ հունվար ամսվա համար: