11:31 | 27.12.13 | Հոդվածներ | exclusive 15174

Minno-ն եւ ArmTab-ը «ծնողի եւ զավակի» հարաբերություններ ունեն

Դեկտեմբերի 19-ին ՀՀ կառավարությունը հայտնեց, որ հիմք ընդունելով «Թեքնոլոջի ընդ սայնս դայնամիքս» ՍՊԸ կողմից «Ալյանս» ազատ տնտեսական գոտու շահագործողի թույլտվություն ստանալու համար ներկայացված հայտը, որոշել է ընկերությանը «ՌԱՕ Մարս» տարածքում տրամադրել շահագործողի թույլտվություն` պլանշետների հավաքման եւ ծրագրավորման գործունեության իրականացման համար:

«Ընկերությունը նախատեսում է համագործակցություն հաստատել պլանշետների արտադրության ամերիկյան Minno գրասենյակի հետ, որը կստանա  Հայաստանի կազմակերպության թողարկած բոլոր պլանշետները եւ կզբաղվի դրանց իրացմամբ եւ առաքմամբ: Գործունեության երեք տարվա ընթացքում արտադրության ծավալը 10 հազար պլանշետից կհասցվի 50 հազարի, միավորի գինը կլինի 180 ԱՄՆ դոլար, ինքնարժեքը` 135 ԱՄՆ դոլար: Առաջին տարում արտադրություն կներդրվի $ 1 մլն 350 հազար, երրորդ տարում` $ 6 մլն 750 հազար ԱՄՆ դոլար», - ասված էր կառավարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ, ս.թ. դեկտեմբերի 6-ին ՀՀ վարչապետին կից արդյունաբերական խորհրդի նիստում ներկայացվել էին «հայկական արտադրության առաջին պլանշետը (Armtab) եւ առաջին հեռախոսը (Armphone)»:

Մեդիամաքս-ը զրուցել է ամերիկյան Minno Tablet ընկերության նախագահ Էրիկ Ռայանի (Eric C. Ryan)հետ:

- Պլանավորու՞մ եք «Թեքնոլոջի ընդ սայնս դայնամիքս» ՍՊԸ-ի հետ Հայաստանում համատեղ ձեռնարկություն բացել, թե՞ ընկերությունն աշխատելու է ինքնուրույն: 
 
-«Թեքնոլոջի ընդ սայնս դայնամիքս» ՍՊԸ-ն հիմնադրվել է Minno ընկերության կողմից` Հայաստանում ներդրումներ կատարելու նպատակով: Կառավարության պարտավորությունը կրթությունը եւ հետազոտական ոլորտը զարգացնելու վերաբերյալ Հայաստանը դարձնում են մտավոր կապիտալի հարուստ աղբյուր: 

Հայաստանում ձեռնարկատիրական մշակույթը եւ նոր` Ազատ տնտեսական գոտու պայմանները, երկիրը դարձնում են գրավիչ`տեղեկատվական տեխնոլոգիաների եւ արտադրության ոլորտներում Minno-ի ներդրումների համար: 

Minno-ի Android ինտերֆեյսն ամբողջությամբ մշակվել է (եւ շարունակում է մշակվել) հայաստանցի ծրագրավորողների հրաշալի թիմի կողմից: 

«Թեքնոլոջի ընդ սայնս դայնամիքս» ՍՊԸ-ն տարածք է վարձակալել Երեւանի Ազատ տնտեսական գոտում, եւ աշխատանքի է ընդունել բարձրակարգ մասնագետների` այնտեղ մեր հավաքման, որակի վերահսկողության, դիստրիբուցիայի, սպասարկման գործընթացները կազմակերպելու համար:
 
- Մի քանի շաբաթ առաջ Հայաստանի վարչապետին ներկայացվեց «առաջին հայկական պլանշետը»` Armtab-ը: Այնուամենայնիվ, լուսանկարներից երեւում է, որ վարչապետին ներկայացվել է Minno պլանշետ:

- Քանի որ մենք դեռեւս առեւտրային արտադրության փուլում չենք գտնվում (այն նախատեսում ենք սկսել 2014թ. փետրվարին), վարչապետ Տիգրան Սարգսյանին եւ կառավարությանը ներկայացված պլանշետները եղել են ArmTab-ի նախաարտադրական օրինակները` հավաքված Հայաստանում: Պլանշետները ներկայացվել են Minno-ի տուփերով, որովհետեւ Minno-ն եւ  ArmTab-ը «ծնողի եւ զավակի» հարաբերություններ ունեն: Բացի դրանից, ArmTab-ի փաթեթավորման եւ բրենդինգի հարցերը դեռ վերջնական հստակեցված չեն:  

Minno-ն նպատակ ունի Հայաստանում հավաքել Minno բրենդային պլանշետներ` միջազգային շուկա (ներառյալ ԱՄՆ) արտահանելու համար եւ ArmTab պլանշետներ` Հայաստանի համար: