17:03 | 20.12.13 | Նորություններ | 3466

Թվայնացված ձայնադարան` երաժշտասեր հանրության լայն լսարանի համար

ՎիվաՍել-ՄՏՍ-ի, Մշակույթի նախարարության եւ «Պրոլայթինգ» ընկերության համագործակցության արդյունքում թվայնացվել է Արամ Խաչատրյանի բազմաժանր ստեղծագործական ժառանգությունը: 9 ձայնասկավառակ, 1 տեսասկավառակ եւ բուկլետ ներառող հավաքածուն ստեղծվել է Հայաստանի հանրային ռադիոյում պահպանվող ձայնագրությունների եւ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տրամադրած նյութերի հիման վրա:

Մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 110-ամյակին նվիրված հոբելյանական հրատարակության թողարկումը նախատեսված է 1000 օրինակով: Երկերի թվայնացված անթոլոգիան լույս է տեսել առաջին անգամ: Բազմաժանր ստեղծագործությունների կատարողական կազմում ընդգրկվել են համաշխարհային հռչակ վայելող, հայ եւ օտարազգի պրոֆեսիոնալ երաժիշտներ: Իսկ սիմֆոնիկ ժանրի բազմաթիվ ստեղծագործություններ հնչում են իր` հեղինակի ղեկավարությամբ:

«Ժամանակն առաջ է շարժվում… տեխնոլոգիաները զարգանում են` սերունդներին առաջարկելով նոր լուծումներ: Իսկ մնայուն արժեքները շարունակում են փայլել անկախ ժամանակներից` լուսավորելով մարդկության ճանապարհը: Մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ստեղծագործական ժառանգությունն այդ արժեքներից է: Այն թույլ է տալիս կյանքն ընկալել հոգու աչքերով եւ զգալ երաժշտության անսահման մեծ ուժը: Հպարտ ենք այս նախագծի իրականացմանն աջակցելու համար»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Ինքնատիպ այս հավաքածուն թողարկվել է ոչ կոմերցիոն նպատակով եւ նախատեսված չէ վաճառքի համար: Ակնկալվում է այն տրամադրել աշխարհի խոշոր համալսարանների գրադարաններին, երաժշտական փառատոներին եւ հաստատություններին, կոմպոզիտորական միավորումներին եւ դասական երաժշտություն պրոպագանդող ռադիոկայաններին: