15:58 | 23.11.13 | Նորություններ | 955
IBM Նորարարական լուծումների ու տեխնոլոգիաների կենտրոնի ծրագրի շրջանակում նոյեմբերի 25-ին` ժամը 11:00-ին եւ 26-ին` ժամը 15:00-ին Արմենիա Մարիոթ հյուրանոցի Աշոտ Երկաթ դահլիճում կանցկացվեն սեմինարներ IBM-ի ներկայացուցիչների մասնակցությամբ:
Նոյեմբերի 25-ին IBM-ի ներկայացուցիչները հանդիպելու են Հայաստանի առաջատար բուհերի ներկայացուցիչներին` IBM-ի Ակադեմիական նախաձեռնության հեռանկարները Հայաստանում քննարկելու համար:
Ակադեմիական նախաձեռնության առաջնային նպատակը Հայաստանի առաջատար բուհերին արդիական գիտելիքներ եւ տեխնոլոգիաներ տրամադրելն է: Ծրագրի շրջանակում Հայաստանի ուսումնական հաստատություններին անվճար տրամադրվելու է IBM-ի նորագույն սարքավորումներից, ծրագրային ապահովումներից, ինչպես նաեւ վիրտուալ գրադարաններից եւ ուսումնամեթոդաբանական նյութերից օգտվելու հնարավորություն:
Ծրագրին կարող են մասնակցել ՀՀ տարածքում գործող բոլոր հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատությունների ներկայացուցիչները:
Առաջարկվող ուսումնական ծրագրերի ուղղություններն են`Բիզնես անալիտիկա, Բիզնես եւ ՏՏ, Cloud Computing, ՏՏ ծառայությունների կառավարում, Տեղեկատվության կառավարում, Ծրագրային ապահովման մշակում, Անվտանգության եւ տեղեկատվության ապահովման ուղղություններ:
Նոյեմբերի 26-ին նախատեսվում է IBM-ի ներկայացուցիչների հանդիպում տեխնոլոգիական ոլորտում գործող նորաստեղծ ընկերությունների եւ թիմերի, ինչպես նաեւ ուսանողների հետ: Հանդիպմանը կքննարկվեն Հայաստանում Smarter Planet մրցութային ծրագրի առաջնային ուղղությունները: Բացի այդ, մասնակիցները կծանոթանան ՏՏ զարգացման համաշխարհային միտումներին, IBM-ի հետ հնարավոր համագործակցության ուղիներին, ինչպես նաեւ IBM-ի ծրագրային ապահովումների եւ պլատֆորմների հիման վրա սեփական բիզնես գաղափարների իրականացման հնարավորություններին:
Ս.թ. մայիսի 20-ին ՀՀ կառավարության եւ IBM-ի միջեւ կնքված հուշագրում նշված համագործակցության շրջանակում ՀՀ Էկոնոմիկայի նախարարության, IBM ընկերության եւ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի աջակցությամբ Հայաստանում ստեղծվելու է IBM Նորարարական լուծումների ու տեխնոլոգիաների կենտրոն, որը կզարգացնի ՏՀՏ նորարարական լուծումների մշակման հիմնական կարողությունները, կստեղծի նպաստավոր միջավայր կայուն բիզնես ձեւավորելու համար, ինչպես նաեւ ՏՀՏ ընկերություններին եւ այլ ՓՄՁ-ներին կտրամադրի բիզնեսի զարգացման ենթակառուցվածքներ ու ռեսուրսներ: