13:22 | 15.11.13 | Նորություններ | 2826

Ցուգիո Մակիմոտո. Իմ երազանքն է եղել, որ Ճապոնիան եւ Հայաստանը համագործակցեն ՏՏ ոլորտում

“Թեքնո վիժն” ընկերության նախագահ, “Հիտաչի” ընկերության էլեկտրոնային սարքերի խմբի նախկին գործադիր տնօրեն, դոկտոր Ցուգիո Մակիմոտոյին այսօր Երեւանում շնորհվել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (ՀՊՃՀ) պատվավոր դոկտորի կոչում:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, Ցուգիո Մակիմոտոն Երեւանում է գտնվում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով:

Դոկտոր Ցուգիո Մակիմոտոն այսօր հանդիպել է ՀՊՃՀ-ի ղեկավար անձնակազմի, ուսանողության եւ պրոֆեսորադասախոսական կազմի հետ: Բուհի ռեկտոր Արա Ավետիսյանը ներկայացրել է Պոլիտեխնիկի պատմությունը, ձեռքբերումները, հիմնական ուղղությունները եւ նպատակները:

Ցուգիո Մակիմոտոն նշել է, որ Հայաստանն իր համար առաջնահերթ է համարում ՏՏ ոլորտը: Նրա կարծիքով, այս հարցում մեծ ներդրում է ունեցել համալսարանը:

“Այս ոլորտն առաջնահերթ է նաեւ Ճապոնիայի համար: Իմ երազանքն էր, որ Ճապոնիան եւ Հայաստանը համագործակցեն այս ոլորտում, մասնավորապես, ուսանողների փոխանակման եւ համատեղ ծրագրերի մշակման ու իրականացման ուղղությամբ”, - ասել է նա:

Նշենք, որ Ցուգիո Մակիմոտոն այս տարվա ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի մրցանակի դափնեկիր է: