16:04 | 12.11.13 | Նորություններ | 2070
Գավառի պետական համալսարան կատարած այցով Orange Հիմնադրամը մեկնարկել է Հայաստանի համալսարանների ուսանողներին կրթաթոշակների տրամադրման նոր փուլը:
Գավառի պետական համալսարանի եւ Orange Հիմնադրամի կողմից համատեղ ընտրված 10 ուսանողներին այսօր հանձնվեցին ֆինանսական աջակցության տրամադրումը հավաստող ծրարներ:
«Համալսարանների հետ մեր համագործակցությունը շարունակվում է, որի բաղկացուցիչ մաս է կազմում աջակցությունն ամենախոստումնալից ուսանողներին, ովքեր դժվարանում են վճարել իրենց ուսման վարձը: Սա այն ժամանակաշրջանն է, երբ ուսանողները վճարում են ուսումնական տարվա առաջին կիսամյակի ուսման վարձը, եւ մենք ուրախ ենք այս ֆինանսական բեռը թեթեւացնելու հարցում օգնել նրանցից մի քանիսին եւ վերջիններիս ընտանիքներին, քանի որ գիտենք, թե դա որքան կարեւոր կարող է լինել նրանց համար»,- ասել է Orange Արմենիա Հիմնադրամի խորհրդի նախագահ Ֆրանսիս Ժելիբտերը:
Ուսանողներն ընտրվել են երկու հիմնական չափանիշների հիման վրա. ուսանողի առաջադիմություն եւ ընտանիքի սոցիալական վիճակ: Orange Հիմնադրամը Գավառի պետական համալսարանին է փոխանցել 1 մլն դրամ, որը պետք է հատկացվի ուսանողների ուսման վարձի մարմանը: Նույն սկզբունքով այս ուսումնական տարվա ընթացքում նախատեսված է տրամադրել կրթաթոշակներ Երեւանում եւ Հայաստանի մարզերում գործող 9 համալսարանների ուսանողների:
Համալսարանների հետ Օրանժ Հիմնադրամի համագործակցությունը չի սահմանափակվում միայն կրթաթոշակների տրամադրմամբ: Բուհերի հետ համագործակցության շրջանակներում ուսանողները կարող են մասնագիտական պրակտիկա անցնել Orange-ում, իսկ ընկերության աշխատակիցները մասնագիտական եւ վերապատրաստման դասընթացներ են իրականացնում ուսանողների համար: 1 տարի առաջ Գավառի պետական համալսարանում բացվել է Orange-ի WiFi-ով զինված ինտերնետ անկյուն, որն ուսանողներին եւ համալսարանի աշխատակիցներին թույլ է տալիս ինտերնետից օգտվել ինչպես կրթական, այնպես էլ ժամանցային նպատակներով:
Հայաստանի համալսարանների հետ Orange-ի համագործակցությունը մեկնարկել է երկու տարի առաջ: 2011-2012թթ. Orange Հիմնադրամը կրթաթոշակներ է տրամադրել 6 համալսարանների 67 ուսանողների, իսկ 2012-2013թթ.՝ 9 համալսարանների 95 ուսանողների, որոնցից 70-ը՝ Հայաստանի մարզերում: