17:20 | 06.11.13 | Նորություններ | 3707

ՎիվաՍել-ՄՏՍ-ը նեոնատալ խնամքի բուժսարքավորումներ է հանձնել Սիսիանի ծննդատանը

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը եւ BirthLink-ի տնօրեն Քեթի Մելորը այսօր շրջայցով եղել են Սիսիանի կենտրոնական հիվանդանոցի նորածնային բաժանմունքում:

Այս հիվանդանոցը համալրվել է վերակենդանացման, նորածինների մարմնի ջերմությունը եւ շնչառությունը կայունացնող, ինչպես նաեւ մոնիտորինգի սարքավորումներով:

«Մարդկային կյանքի փրկության հարցում չափազանց կարեւոր է բարձորակ մասնագետի առկայությունը: Արդյունավետ միջամտություն իրականացնելու` բժշկի ցանկությունը, սակայն, ուղղակիորեն պայմանավորված է անհրաժեշտ սարքավորումների առկայությամբ, ինչը թույլ կտա երաշխավորել է գործադրված ջանքերի արդյունավետությունը: ՎիվաՍել-ՄՏՍ-ը ձգտում է հնարավորինս աջակցել բժշկին՝ նրա աշխատանքի գոհացուցիչ արդյունքն ապահովելու ակնկալիքով»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Մայրաքաղաքից հեռու գտնվող որեւէ հիվանդանոցում անհրաժեշտություն է նորածին երեխաներին շտապ օգնություն ցուցաբերելը: Անհապաղ օգնության կարիք ունեցող երեխաների, հատկապես` վաղ ծնունդների վիճակը կայունացնելու համար, նման սարքավորումները պետք է մատչելի լինեն ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում:

Վաղաժամ ծնված եւ հիվանդ նորածինների խնամքն ապահովելու համար BirthLink-ի եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ի միջեւ համագործակցությունը շարունակվում է արդեն վեցերորդ տարին:  Ծրագիրը թույլ է տալիս նվազեցնել նորածնային մահացության դեպքերը Հայաստանում:

Նեոնատալ խնամքի կարեւորության խոսուն փաստ է նորածնային մահացությանը վերաբերող համաշխարհային վիճակագրությունը: Այսպես՝ կյանքի առաջին տարվա ընթացքում մահանում է ավելի քան 4 միլիոն երեխա: Մահացության դեպքերի երեք քառորդը գրանցվում է կյանքի առաջին շաբաթվա ընթացքում, իսկ ավելի քան մեկ միլիոնը՝ առաջին օրվա ընթացքում: ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ համատեղ իրականացվող ծրագիրն ուղղված է կյանքի առաջին իսկ օրվանից՝ նորածինների կյանքի փրկությանը: Դա արվում է ծննդատներին համապատասխան գիտելիքներ, հմտություններ եւ սարքավորումներ տրամադրելու միջոցով:   

Տրամադրված սարքավորումները նախատեսված են ծննդից հետո առողջական խնդիրներ ունեցող եւ ցածր քաշով ծնված նորածինների կենսաապահովման համար: Դա  հնարավորություն է տալիս կայունացնել նորածինների վիճակը` նախքան նրանց Երեւանի կամ մարզկենտրոնի բուժհաստատություններ հասցնելը: Այս սարքավորումները որոշ դեպքերում թույլ են տալիս առհասարակ խուսափել այլ բուժհաստատություններ տեղափոխելուց:

Ընդհանուր առմամբ՝ նեոնատալ խնամքի երկարաժամկետ ծրագրի շրջանակներում ՎիվաՍել-ՄՏՍ-ը հատկացրել է 465 մլն դրամ: