18:02 | 25.10.13 | Նորություններ | 4600
Վաղը` հոկտեմբերի 26-ին, ժամը 12:00-17:00, «Գեղագիտության Ազգային Կենտրոն» Մանկական ստեղծագործության թանգարանում (Մանկական պատկերասրահ, հասցե՝ Աբովյան 13), տեղի կունենա «Բաց Խաղ» համակարգչային եւ բջջային խաղերի նախագծման 3-րդ առաջնության խաղերի ցուցահանդեսը, որին կհաջորդի մրցանակաբաշխությունը: Բոլոր ցանկացողները կարող են այցելել ցուցահանդես եւ տեղում ծանոթանալ ներկայացված խաղերին ու խաղալ համակարգիչներով կամ շարժական սարքերով:
Առաջնության խաղերի ցուցահանդեսին մասնակցում են 26 խաղ (համեմատության համար՝ նախորդ տարի եզրափակիչ փուլում մասնակցում էր 19 խաղ): Մասնակիցների թվում են թե սկսնակ ընկերություններ, թե պատանիներ, թե տեղացիներ եւ թե արտերկրում ապրող հայեր: Եզրափակիչ փուլ անցած նախագծերին կարող եք ծանոթանալ առցանց:
«Այս տարվա մրցույթում որակական աճը կրկնապատկվել ու նույնիսկ եռապատկվել է: Մենք ոչ միայն ավելի մեծ թվով հայտեր ենք ստացել, այլեւ խաղերի մեծ մասն արդեն ամբողջովին պատրաստ է օգտագործման համար, եւ վաղը ցուցահանդեսի այցելուները կկարողանան ինչպես գնահատել մասնակիցների ստեղծագործական միտքը, այնպես էլ իրականում խաղալ»,- ասել է ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:
«Orange-ը մեծ ոգեւորությամբ է մասնակցում այս ամենամյա նախագծի իրականացմանը, որը թույլ է տալիս նորանոր տաղանդներ բացահայտել, աջակցել նոր թիմերի, նախագծերի ու ընկերությունների ստեղծմանը, ինչպես նաեւ խթանում է Հայաստանում խաղային ոլորտի զարգացմանը՝ մի ոլորտ, որը բուռն վերելք է ապրում ամբողջ աշխարհում»,- ասել է Օրանժ Արմենիա-ի հանրային կապերի պատասխանատու Լիլիթ Մարտիրոսյանը:
Առաջնության մրցանակային ֆոնդը 1 մլն 700 հազ. դրամ է: Մրցանակաբաշխությունն անց է կացվելու 9 անվանակարգերով` «Լավագույն խաղ», «Լավագույն բջջային խաղ», «Լավագույն Game Play», «Նորարարություն», «Լավագույն դիզայն», «Լավագույն կերպար», «Լավագույն 3D լուծում», «Պատանիների առաջնություն-Junior»: Ցուցահանդեսի ընթացքում այցելուները հնարավորություն կունենան ծանոթանալ եւ խաղալ առաջնության մասնակիցների ներկայացրած աշխատանքները, ինչպես նաեւ քվեարկել սիրելի խաղի օգտին: Այցելուների կողմից ամենաշատ ձայներ հավաքած մասնակիցը կստանա «Ժողովրդական մրցանակ»:
Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության եւ Օրանժ Արմենիա-ի կողմից երրորդ անգամ կազմակերպվող առաջնության նպատակն է զարգացնել համակարգչային խաղերի նախագծման ոլորտը Հայաստանում, ինչը հնարավորություն կտա ստեղծել տեխնոլոգիական բիզնես նոր ուղղություն, բացահայտել նոր տաղանդներ, մոտիվացնել երիտասարդներին:
Առաջնության ժյուրիի կազմում ընդգրկված են խաղերի նախագծման առաջատար մասնագետներ, ծրագրավորողներ, դիզայներներ Sourcio, Plexonic, Triada, MicroSoft-RA, Zoom Graphics, Tumo կազմակերպություններից: