13:23 | 16.10.13 | Նորություններ | 3358

Մեկնարկեց Orange Գիրք մրցանակ 2013 մրցութը

Այսօրվանից Orange-ը սկսում է ընդունել Orange Գրքի մրցանակ 2013-ի մասնակցության հայտեր:

Գրքի մրցույթն անցկացվում է 4 ժանրերում՝ պատմվածք, վեպ, հեքիաթ եւ պոեզիա: Հայտերն ընդունվում են մինչեւ դեկտեմբերի 26-ը: Ինչպես այսօր ասել է Orange Արմենիա-ի մարքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանը, մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2014թ. մարտի 28-ին: Մրցույթի բոլոր ժանրերում հաղթող ստեղծագործությունների հեղինակները կստանան դրամական պարգեւներ՝ 300 հազարական դրամ, բացառությամբ հատուկ «Ժողովրդական մրցանակի»:

Ընթերցողները հնարավորություն կունենան քվեարկել իրենց նախընտրած ստեղծագործության օգտին Ֆեյսբուք սոցիալական ցանցի միջոցով: «Ժողովրդական մրցանակի» կարժանանա ընթերցողների քվեարկության արդյունքում առավելագույն թվով ձայներ հավաքած ստեղծագործությունը՝ անկախ ժանրից:

Հիմնական հաղթողներին որոշելու է ժյուրին, որի կազմում է լինելու Orange Գրքի մրցանակ 2012-ի հաղթողներից մեկը:

«Ես ինքս կարդացել եմ անցած տարիների հաղթողների գործերը, էապես փոխվել է իմ անձնական տեսակետը հայ ժամանակակից գրականության վերաբերյալ»,- ասել է Արամ Մկրտչյանը՝ նշելով, որ այս մրցույթը «իր մեծ լուման է ներդնում ժամանակակից գրականության զարգացման մեջ»:

Orange Գրքի մրցանակ 2013-ն անցկացվում է «Հայ գրքի կենտրոն» ՀԿ-ի աջակցությամբ: ՀԿ-ի տնօրեն Մկրտիչ Մաթեւոսյանն ասել է, որ հայ գրողները պոեզիայի կողմնակից են, սակայն վերջին տարիներին ակտիվացել է նաեւ վեպի ժանրը: Նա Orange ընկերությանն առաջարկել է անգլերեն եւ ֆրանսերեն լեզուներով թարգմանել անցած տարիների հաղթողների ստեղծագործությունները, բացի այդ ներկայացնել դրանք էլեկտրոնային տարբերակով:

Orange Գրքի մրցանակի այս տարվա նորարարություններից կլինի այն, որ հաղթողների ստեղծագործությունները «Հայ գրքի կենտրոն» ՀԿ-ն կհրատարակի կոմիքսային տարբերակով: