18:04 | 27.09.13 | Նորություններ | 1001
Այսօր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Երեւանի ԹՈՒՄՈ կենտրոնում տեղակայված «Մենթոր Գրաֆիկս Հայաստան» ընկերություն եւ ծանոթացել վերջինիս նորաբաց գրասենյակի գործունեությանը:
Վարչապետը նշել է, որ վերջին տարիներին ՏՏ ոլորտում տեղի են ունենում որակական փոփոխություններ:
«Ակնհայտ է, որ որակական փոփոխությունների մեջ իրենց դերակատարությունն ունեն նաեւ այն աշխարհահռչակ ընկերությունները, որոնք ՀՀ-ում ծավալում են արդյունավետ գործունեություն: Այսօր մենք այստեղ ենք, որպեսզի արձանագրենք «Մենթոր Գրաֆիկս»-ի հաջողություններից մեկը, մասնավորապես, հինգ տարվա գործունեության արդյունքում ընկերությունը մի քանի անգամ ավելացրել է իր աշխատանքների ծավալները, կարողացել է հավաքագրել բարձրորակ մասնագետներ»,- նշել է Տիգրան Սարգսյանը:
Վարչապետի խոսքով՝ Հայաստանն ունի առաջնակարգ ընկերություններ ներգրավելու կարիք, որոնք իրենց հետ բերում են նոր մշակույթ, հնարավորություն են տալիս Հայաստանում ձեւավորել նոր ինստիտուտներ եւ հարաբերություններ:
ՀՀ-ում ԱՄՆ-ի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը եւս կարեւորել է առաջատար ընկերությունների ներգրավումը հայաստանյան շուկա:
«Մենթոր Գրաֆիկս կորպորացիա»-ի նախագահ Գրեգորի Հինկլը նշել է, որ իր գլխավորած ընկերությունն ամեն ինչ կանի՝ ՏՏ ոլորտում մեր երկրի համար նոր հաջողություններ գրանցելու համար: Գրեգորի Հինկլի խոսքով՝ էլեկտրոնային դիզայնի ավտոմատացման ոլորտում Հայաստանն ապահովում է համաշխարհային արտադրանքի հինգ տոկոսը:
«Մենթոր Գրաֆիկս Կորպորացիա»-ն էլեկտրոնիկայի եւ ծրագրային ապահովման լուծումների ուղղվածությամբ աշխարհի առաջատար ընկերություններից է, որն իր գործունեությունն իրականացնում է ԱՄՆ-ում, Եվրոպայում, Ճապոնիայում, Պակիստանում, Հնդկաստանում, Եգիպտոսում եւ Հայաստանում: Ընկերությունը զբաղվում է էլեկտրոնիկայի եւ կիսահաղորդիչների ոլորտում աշխարհի հեղինակավոր ընկերություններին արտադրության, մասնագիտական խորհրդատվության եւ բարձրորակ սպասարկման տրամադրմամբ:
2008 թ. հուլիսին «Մենթոր Գրաֆիկս»-ն իր ներկայացուցչությունը բացել է Հայաստանում` գնելով «Պոնտե Սոլյուշնս» ընկերությունը: ՀՀ-ում 5-ամյա գործունեության արդյունքում ընկերությունը գրեթե եռապատկել է իր կարողությունները, իսկ աշխատակիցների թիվը կազմում է 120: