17:02 | 25.09.13 | Նորություններ | 3017

ԱրմենՏել-ի Գլխավոր տնօրենը հանդիպել է DigiCamp-ի մասնակիցներին

Այսօր Էրեբունի Պլազա բիզնես կենտրոնում «ԱրմենՏել» ընկերության (Beeline ապրանքանիշ) Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը հանդիպել է DigiCamp ամառային տեխնոլոգիական ձեռներեցության ճամբարի մասնակիցներին:

Հանդիպման ընթացքում Անդրեյ Պյատախինը երիտասարդներին ներկայացրել է խոշոր ընկերություններում աշխատելու միջազգային իր փորձը, մասնակիցների հետ կիսվել հաջողակ լինելու եւ նպատակներն իրականություն դարձնելու իր անձնական օրինակով, ինչպես նաեւ քննարկվեցին ղեկավարման հմտություններ զարգացնելու եւ թիմային ոգին ամրապնդելու թեմաները:

 «ԱրմենՏել-ի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության հիմնական նպատակն է մարդկանց կյանքը դարձնել ավելի լավ, եւ մենք շարունակելու ենք աջակցել հատկապես այն երիտասարդներին, ովքեր սեփական աշխատանքով կկերտեն իրենց հաջողության ճանապարհը: Անչափ ուրախ եմ, որ այսօր հանդիպել եմ հենց նման երիտասարդների: Հավատացած եմ, որ մոտ ապագայում մենք կհանդիպենք արդեն որպես գործընկերներ եւ համատեղ կիրականացնեք արդիական եւ բիզնես ոլորտում նոր լուծումներ առաջարկող ծրագրեր»,- նշել է Անդրեյ Պյատախինը:

DigiCamp ամառային տեխնոլոգիական ձեռներեցության ճամբարի մասնակիցները հանդիպման ժամանակ ստացել են նաեւ իրենց հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները եւ ձեռք բերել նոր գիտելիքներ ու հմտություններ տեխնոլոգիական ձեռներեցության վերաբերյալ:

Նշենք, որ DigiCamp ճամբարը կայացել է օգոստոսի 1-ից 10-ը Ծաղկաձորում: Ճամբարին մասնակցում էին 16-30 տարեկան 26 անձինք, ովքեր հնարավորություն ունեցան ծանոթանալ ոլորտի առաջնորդների հետ, լսել նրանց հաջողության պատմություններն ու բացահայտեցին առաջատար ընկերությունների հաջողության գաղտնիքները, մասնակցել ոլորտին քաջատեղյակ մասնագետների դասընթացներին եւ ձեռք բերել կիրառական գիտելիքներ: Լավագույն գաղափարների հեղինակները ստացան դրամական պարգեւներ եւ հնարավորություն առանձին  տաղավարով ներկայանալու հոկտեմբերի 4-6 կայանալիք DigiTec 2013 տեխնոլոգիական միջազգային ցուցահանդեսին:

DigiCamp ամառային տեխնոլոգիական ձեռներեցության ճամբարի կազմակերպիչն է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը, գլխավոր գործընկերն է «ԱրմենՏել» ընկերությունը, աջակիցը` Հայաստանի երիտասարդական հիմնադրամը: