18:33 | 11.09.13 | Նորություններ | 2781

Orange-ը կաջակցի Հայաստանում Կովկասյան ազնվացեղ եղջերու վերաբնակեցմանը

Բնության համաշխարհային հիմնադրամը Orange Արմենիայի, Անդրսահմանային միացյալ քարտուղարության եւ Պրոմեթեյ բանկի աջակցությամբ սկսում է Հայաստանում Կովկասյան ազնվացեղ եղջերուի վերաբնակեցման ծրագիր:

Ծրագրի գործողությունները ներառում են «Դիլիջան» ազգային պարկում եղջերուների բազմացման կենտրոնի ստեղծումը, նշված տեսակի 4 արու եւ 11 էգ առանձնյակների  ձեռքբերումը եւ տեղափոխում Հայաստան, կենտրոնի աշխատակիցների ուսուցումը, կենդանիների խնամքը եւ բազմացումը, իսկ այնուհետեւ նրանց ազատ արձակումը բնություն եւ հետագա մոնիթորինգը:

«Այս ծրագիրը աննախադեպ է Հայաստանի համար, քանի որ մինչ օրս մեր երկրում անհետացած կենդանատեսակի վերաբնակեցում չի իրականացվել», - ասել է Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանը:

Ծրագրի իրականացման համար Orange Արմենիան կհատկացնի 10 մլն դրամ:

Orange Արմենիան վերոնշյալ գումարը հատկացրել է WWF-ի եւ Orange-ի երկարաժամկետ ռազմավարական համագործակցության շրջանակներում, որը մեկնարկել է մեկ տարի առաջ: Orange Արմենիան Հայաստանում WWF Հայաստանի բնապահպանական գործունեությանն է հատկացնում իր վաճառակետերում էկո-վարկանիշ ունեցող յուրաքանչյուր հեռախոսի եւ սմարթֆոնի վաճառքի գնի 1%-ը: Էկո-վարկանիշը ցույց է տալիս, թե տվյալ հեռախոսն իր արտադրության ընթացքում օգտագործված տեխնոլոգիաների եւ նյութերի առումով ինչ չափով է ազդեցություն ունեցել շրջակա միջավայրի վրա:

«Առանձնահատուկ շնորհակալություն ենք հայտնում մեր հաճախորդներին, ովքեր ուղղակիորեն մասնակցում են այս բնապահպանական նախաձեռնությանը, քանի որ հեռախոսների ու սմարթֆոնների վաճառքի գնի 1%-ը Orange-ը տրամադրում է Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղին: Միաժամանակ հորդորում ենք բոլորին լինել ավելի պատասխանատու շրջակա միջավայրի նկատմամբ: Հեռախոս ընտրելիս տվյալ մոդելի էկո-վարկանիշի մասին տեղեկանալը մի փոքր քայլ է, որ կարող է անել մեզնից յուրաքանչյուրը եւ այդպիսով հոգ տանել մեր շրջակա միջավայրի մասին»,- ասել է Orange Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը: