09:58 | 03.09.13 | Նորություններ | 2223

Microsoft-ը կգնի Nokia-ի բջջային բիզնեսը

Microsoft-ը կգնի ֆիննական Nokia ընկերության բջջային հեռախոսների արտադրության բիզնեսը: 

Գործարքի գումարը կկազմի $7,17 մլրդ:

Ինչպես հաղորդում է РБК-ն` վկայակոչելով Reuters-ը, ակնկալվում է, որ գործարքը կավարտվի 2014 թվականի I-ին եռամսյակում: Գործարքի պայմանների մեջ մտնում է ընկերության պատենտների օգտագործման եւ բջջային սարքերի արտադրության իրավունքի ձեռքբերումը: 

Nokia-ն բջջային բիզնեսի վաճառքից հետո մտադիր է կենտրոնանալ բիզնեսի այլ ուղղությունների վրա, մասնավորապես, քարտերի եւ նավիգացիոն համակարգերի մշակման վրա: 

Nokia տնօրենների խորհրդի նախագահ Ռիստո Սիիլասմաան վստահություն է հայտնել, որ այս գործարքը ամենաճիշտ որոշումն է ընկերության եւ բաժնետերերի համար:

Ֆիննական ընկերությունը, որը ժամանակին բջջային հեռախոսների շուկայում առաջատար էր, վերջին տարիներին ճգնաժամ էր ապրում` զիջելով Samsung-ի եւ Apple-ի հետ մրցակցությունում: 2013 թվականի երկրորդ եռամսյակում Nokia հեռախոսների վաճառքները վերջին ութը տարիներին ռեկորդային ցածր մակարդակի էին հասել: 

Nokia-ն 2011 թվականից համագործակցում էր Microsoft-ի հետ` որպես բջջային օպերացիոն համակարգ օգտագործելով Windows Mobile-ը: