14:56 | 19.06.13 | Նորություններ | 3703
Հունիսի 15-ին ուժի մեջ է մտել «Հեռահաղորդակցության մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունը, ըստ որի 2014թ. Հայաստանում հնարավոր կլինի ներդնել շարժական կապի համարների տեղափոխելիության (Mobile Number Portability, MNP) ծառայությունը: Այն բոլոր բաժանորդներին հնարավորություն կտա փոխել իրենց օպերատորին՝ առանց հեռախոսահամարը փոխելու անհրաժեշտության:
Օրանժ Արմենիա-ի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերն այսօր ողջունել է այդ փոփոխությունները:
«Արեւմտյան Եվրոպայում եւ այլ երկրներում, որտեղ ներդրվել է շարժական կապի համարների տեղափոխելիության ծառայությունը, շուկան մեծապես բարելավվել է, եւ մենք շատ ուրախ ենք, որ շուտով հայ սպառողները նույնպես կկարողանան ունենալ ընտրության ազատություն: Orange-ը երկար ժամանակ կողմ է եղել Հայաստանում այս ծառայության ներդրմանը, եւ մենք գիտենք, որ ծառայության մեկնարկից հետո բաժանորդների համար օպերատոր ընտրելու հիմնական չափանիշները լինելու են ծառայության ու սպասարկման որակը, քանի որ բաժանորդները կկարողանան ընտրել իրենց ցանկալի օպերատորին եւ միաժամանակ պահել իրենց ներկա հեռախոսահամարը», - ասել է Ֆրանսիս Ժելիբտերը:
Ըստ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սահմանած ընթացակարգի՝ երեք օպերատորները պետք է ստեղծեն համատեղ ընկերություն եւ միասնական տվյալների բազա, որպեսզի կարողանան գործարկել այս ծառայությունը 2014թ. հունվարի 1-ին:
«Orange-ը կանի իր հնարավորության սահմաններում ամեն ինչ՝ այս համակարգի արագ ու որակով ներդրմանն աջակցելու համար՝ մասնավորապես, կիսվելով իր եւ Orange Խմբի փորձով», - հավելել է Ֆրանսիս Ժելիբտերը: