11:59 | 21.05.13 | Նորություններ | 3891

Անդրեյ Պոնոմարյովը կղեկավարի ԱրմենՏել-ի ֆիքսված կապի բիզնեսը

Անդրեյ Պոնոմարյովը նշանակվել է ԱրմենՏել-ի (Beeline ապրանքանիշ) ֆիքսված կապի բլոկի տնօրենի պաշտոնում:

Ընկերությունում սա նոր պաշտոն է եւ ստեղծվել է հաստատված ռազմավարության համաձայն, որի շրջանակում ԱրմենՏել-ի ֆիքսված կապի բիզնեսն այսուհետ հանդես կգա որպես առանձին բլոկ`  նպատակ ունենալով ապահովել ենթակառուցվածքների կայուն զարգացում եւ նոր կոմերցիոն առաջարկների իրագործում լարային կապի շուկայում, հայտնել են ընկերությունում:

Հեռահաղորդակցության ոլորտում Անդրեյ Պոնոմարյովն աշխատում է ավելի քան 15 տարի: Հեռահաղորդակցության ընկերություններում նա ունի ղեկավարման բազմամյա աշխատանքային փորձ, ինչպես նաեւ իրականացրել է մի շարք հաջողված կոմերցիոն եւ տեխնիկական խոշոր ծրագրեր ֆիքսված եւ բջջային կապի ոլորտներում:

«Ինձ համար շատ կարեւոր է այս նշանակումը, քանի որ այն հնարավորություն է ընձեռում օգտագործել իմ աշխատանքային փորձը եւ գիտելիքները ԱրմենՏել-ի ֆիքսված կապի բիզնեսի զարգացման եւ կատարելագործման համար: Վստահ եմ, որ ընկերության ֆիքսված կապի բլոկի աշխատակիցները կարող են Հայաստանի հեռահաղորդակցության շուկային առաջարկել ինչպես գրավիչ կոմերցիոն ծառայություններ, այնպես էլ առաջադեմ տեխնոլոգիական լուծումներ»,-  նշել է  Անդրեյ Պոնոմարյովը:

Հեռահաղորդակցության ոլորտում իր աշխատանքային ուղին նա սկսել է 1997թ.  «Ուրալի բջջային կապ» ՓԲԸ-ում, որտեղ զբաղեցրել է տարբեր պաշտոններ` սկսած նյութատեխնիկական բաժնի պետից մինչեւ կոմերցիոն տնօրեն: 2003-2009թթ. գլխավորել է «ՎիմպելԿոմ» եւ «Գոլդեն Տելեկոմ» ընկերությունների խմբի մասնաճյուղերն Ուրալում, ինչպես նաեւ զբաղեցրել է տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը Հեռահաղորդակցությունների գործակալությունում Պերմում:

2009թ-ից  մինչեւ 2012թ-ը ներառյալ Անդրեյը զբաղեցրել է “Ֆոռաթեք Քոմունիքեյշն” (ք. Եկատերինբուրգ) ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնը, որը 2010 թ-ին միացել է «ՎիմպելԿոմ»-ին եւ ինտեգրվել «ՎիմպելԿոմ»-ի Եկատերինբուրգի մասնաճյուղին: 2010թ-ին նա նշանակվել է Եկատերինբուրգի մասնաճյուղի տնօրեն եւ արդյունավետ իրականացրել երկու ընկերությունների ղեկավարումը միաժամանակ: