Մեկնարկում է Էլ. բովանդակության ազգային մրցույթը
11:49 | 17.05.13 | Նորություններ | 1096
Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը, որպես World Summit Award-ի (WSA) միջազգային մրցույթի գործընկերը Հայաստանում, հայտարարում է էլ. բովանդակության ազգային մրցույթ:
Մրցույթի նպատակն է` բացահայտել Հայաստանի էլ. բովանդակության ոլորտում զարգացումներն ու նվաճումները եւ հնարավորություն ընձեռել ներկայացնել դրանք միջազգային ասպարեզ, հայտնել են հիմնադրամում:
Մասնակցել կարող է հայաստանյան ցանկացած ընկերություն, կազմակերպություն կամ անհատ, որն ունի յուրահատուկ եւ գրավիչ էլ. բովանդակություն՝ թողարկված 2011-2013 թվականներին: Բոլոր աշխատանքները պետք է լինեն ավարտուն: Մրցույթին կարող են ներկայացվել ինչպես վեբ կայքեր, այնպես էլ մուլտիմեդիա աշխատանքներ (CD, DVD), մոբայլ հավելվածներ եւ խաղեր:
Աշխատանքները պետք է ներկայացվեն հետեւյալ անվանակարգերից որեւէ մեկում.
• Էլ. գործարարություն եւ առեւտուր
• Էլ. կառավարում եւ բաց տվյալներ
• Էլ. ուսուցում եւ գիտություն
• Էլ. ժամանց եւ խաղեր
• Էլ. մշակույթ եւ զբոսաշրջություն
• Էլ. լրատվամիջոցներ եւ լրագրություն
• Էլ. առողջապահություն եւ շրջակա միջավայր
• Էլ. ներգրավում եւ հզորացում
Մրցույթի արդյունքում հաղթող են ճանաչվում յուրաքանչյուր անվանակարգում բացարձակ ցուցանիշներով (ամենաբարձր միավորներ հավաքած) լավագույն աշխատանքները: Հաղթողները ստանում են միջազգային մրցույթին (WSA) մասնակցելու ուղեգրեր, որի մրցանակաբաշխությունը տեղի կունենա Շրի Լանկայում:
էլ. բովանդակության ազգային մրցույթից հետո, մասնակից երկրների փորձագետներից, կազմված միջազգային ժյուրին Տալլինում (Էստոնիա) կգնահատի աշխարհի տարբեր երկրներից ներկայացված աշխատանքները եւ կընտրի դրանցից լավագույն 40-ը: Մրցույթի յուրաքանչյուր անվանակարգի համար կընտրվի 5 աշխատանք: Այդ աշխատանքների ներկայացուցիչները կհրավիրվեն Շրի Լանկա՝ մասնակցելու Համաշխարհային գագաթնաժողովի մրցանակաբաշխությանը (WSA) համաշխարհային կոնգրեսում եւ պայքարելու գլխավոր մրցանակի համար:
Մրցույթին մասնակցել ցանկացողները կարող են գրանցել իրենց հայտերը հետեւյալ հղումով՝ http://www.eif.am/arm/wsa-armenia/apply-now/:
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2013 թ. հունիսի 17-ը:
Համաշխարհային գագաթնաժողովի մրցանակաբաշխությունը (WSA) առաջին անգամ կազմակերպվել է 2003թ.-ին Զալցբուրգում, որպես ՄԱԿ-ի Տեղեկատվական Հասարակության Համաշխարհային Գագաթնաժողովի (WSIS) մի մաս: Այն համաշխարհային նախաձեռնություն է, որի նպատակն է ընտրել եւ խթանել աշխարհի լավագույն էլեկտրոնային բովանդակությունը եւ նորարարական ՏՀՏ ծրագրերն ու աշխատանքները: Ավելի քան 160 երկիր արդեն ներգրավված են այս համաշխարհային մրցույթում:
Մրցույթի մասին առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու համար կարելի է այցելել www.eif.am/arm/wsa-armenia/ կայքը: