16:26 | 08.05.13 | Նորություններ | 3681
Մատենադարանի հավաքածուն համալրվել է տպագիր առաջին հայալեզու Աստվածաշնչի եզակի օրինակով:
Ոսկան Երեւանցու` բացառիկ արժեք ներկայացնող Աստվածաշունչը տպագրվել է 1666 թվականին` Ամստերդամում: Գրատպության այս շքեղ օրինակը տարիներ շարունակ եղել է արտասահմանյան մասնավոր հավաքածուի մասը: ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի նվիրատվության շնորհիվ այն այժմ մայր ձեռագրատանն է եւ առանձնահատուկ փայլ կհաղորդի Մատենադարանի ցուցադրությանը:
«Չափազանցրած չեմ լինի, եթե ասեմ, որ Մատենադարանը մեզ համար ունի նույն խորհուրդն, ինչ բիբլիական Արարատը: Սա մի սրբավայր է, որը բնութագրում է մեր էությունը: Գրի եւ գրականության հանդեպ հայի սերն անսահման է: Ֆիզիկական բնաջնջման վտանգը նույնիսկ, պատվի եւ գոյության համար մարտնչող ժողովրդին ետ չի պահել կյանքի գնով գիրքը փրկելու վճռականությունից: Հայն իր ցավն ամփոփել է երգի, ստեղծագործության եւ աղոթքի մեջ`ամուր պահպանելով մշակույթը: Ուրախ եմ, որ իմ համեստ ներդրմամբ կարողացա օգտակար լինել Մատենադարանին»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Ռալֆ Յիրիկյանը եւս մեկ անակնկալ է մատուցել՝ իր անձնական գրադարանից Աստվածաշնչի եւս երկու օրինակ հանձնելով Մատենադարանին: Դրանցից մեկը տպագրվել է 1854 թ., իսկ մյուսի տպագրման տարեթիվը կպարզեն մասնագետները՝ համապատասխան ուսումնասիրությունից հետո: