15:02 | 29.04.13 | Նորություններ | 2149

ՎիվաՍել-ՄՏՍ-ը` «Անուշ» օպերայի նոր բեմադրության գլխավոր հովանավոր

Կաննի կինոփառատոնի դափնեկիր Սերժ Ավետիքյանը եւ ֆրանսիացի խորեոգրաֆ Նիկոլա Մյուզենը նոր մեկնաբանությամբ Երեւանում բեմադրել են Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը հանդես է եկել որպես բեմադրության գլխավոր հովանավոր:

«Կան ստեղծագործություններ, որոնք ծնվում են ժամանակի հետ եւ արժանանում հավանության: Սակայն գոյություն ունեն այնպիսիք, որոնք երբեք չեն կորցնում իրենց փայլն ու արդիականությունը` անվերապահորեն ընդունվելով որպես իրական արժեք: Հովհաննես Թումանյանի գրական ժառանգությունը հենց այնպիսիններից է: Նրա «Անուշ»-ը վաղուց դադարել է հայկական բնաշխարհի մի գողտրիկ անկյունի` Լոռվա անցուդարձ ներկայացնող պոեմ լինելուց: Հանճարեղ պարզ եւ նույնքան խորը բովանդակություն ունեցող պոեմն այսօր արդեն ընկալվում է որպես համամարդկային արժեք: Հպարտություն է հովանավորել մի նախաձեռնություն, որի նպատակը Թումանյանի արժանի հիշատակը նորովի վերագնահատելու ձգտում ունի»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: