15:25 | 12.04.13 | Նորություններ | 3528
Այսօր մեկնարկել Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության (ԻՏՁՄ) եւ Orange Armenia ընկերության կազմակերպած համակարգչային եւ բջջային խաղերի նախագծման «Բաց Խաղ» առաջնության երրորդ մրցաշարը, որի նպատակն է զարգացնել համակարգչային եւ բջջային խաղերի նախագծման ոլորտը Հայաստանում:
Առաջնությունն անցկացվելու է 4 փուլով, որի ընթացքում մասնակիցները ժյուրիի օգնությամբ կզարգացնեն իրենց նախագծերը` ցուցադրության ժամանակ ներկայացնելով պատրաստի խաղեր: Մասնակիցները կմրցեն 9 անվանակարգում` “Լավագույն խաղ”, “Լավագույն բջջային խաղ”, “Լավագույն սցենար”, “Նորարարություն”, “Լավագույն դիզայն”, “Լավագույն կերպար”, “Լավագույն 3D լուծում”, “Պատանիների առաջնություն” եւ “Ժողովրդական մրցանակ”:
Մրցանակային ֆոնդը կազմում է 1 մլն 700 հազ. դրամ, որը կբաշխվի ըստ անվանակարգերի:
«Նախորդ տարվա առաջնությանը ներկայացված նախագծերի որակը գերազանցեց մեր բոլոր սպասելիքները, մենք տեսանք հրաշալի լուծումներով նախագծեր, որոնք ամբողջովին պատրաստ էին եւ կարող էին մտնել շուկա»,- ասել է ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:
«Անցած տարի մասնակիցների թիվը նախորդ տարվա համեմատ կրկնապատկվել էր, ինչը նշանակում է, որ խաղերի նախագծումը Հայաստանում դինամիկ զարգացող ոլորտ է»,- ասել է Orange Armenia-ի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:
Առաջնությունը չունի տարիքային, տիպային եւ տեխնիկական սահմանափակում: Գրանցումը բաց է մինչ 2013թ. սեպտեմբերի 30-ը, մինչեւ հունիսի 10-ը գրանցվողները կստանան ժյուրիի խորհրդատվություն եւ հունիսին անցկացվելիք Digitec Business Forum-ին մասնակցելու հնարավորություն: Ժյուրիի կազմում են խաղերի նախագծման մասնագետներ, ծրագրավորողներ, դիզայներներ: