13:41 | 11.04.13 | Նորություններ | 1113

Հայաստանը ցանցային պատրաստվածությամբ 82-րդն է աշխարհում

Հայաստանը ցանցային պատրաստվածությամբ աշխարհում 82-րդն է 144 երկրների շարքում՝ նախորդ տարվա համեմատությամբ 12 տեղով իր դիրքի բարելավման եւ ընդհանուր միավորի 8.6% աճի շնորհիվ:

Այդ մասին հայտնում է «Տնտեսություն եւ արժեքներ» հետազոտական կենտրոնը, որը ցանցային պատրաստվածության զեկույցի հեղինակ Համաշխարհային տնտեսական ֆորումի (ՀՏՖ) Համաշխարհային մրցունակության կենտրոնի գործընկեր կազմակերպությունն է Հայաստանում:

ՀՏՖ-ի «2013թ Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային զեկույց»-ի
հիմքում ընկած է ցանցային պատրաստվածության համաթիվը, որը ցույց է տալիս երկրների տեղեկատվական եւ հեռահաղորդակցական տեխնոլոգիաների զարգացումներին մասնակցելու եւ դրանցից օգտվելու պատրաստվածության աստիճանը, ինչն էլ նպաստում է մրցունակության բարձրացմանը:

Հայաստանը նախորդ տարվա համեմատ աճ է գրանցել համաթվի բոլոր 4 բաղադրիչների գծով: Ամենաէական բարելավումը գրանցվել է միջավայրի բաղադրիչում (+20 կետ): ԱՊՀ երկրների շրջանում ցանցային պատրաստվածության ցուցիչով Հայաստանը ընդգրկվել է ամենաբարձր աճ գրանցած եռյակի թվում, թեեւ շարունակում է զիջել երկրների մեծ մասին:

Առավել էական բարելավում է արձանագրվել Վրաստանում (+23): Ադրբեջանը նույնպես բարելավել է իր դիրքերը (+5): Վրաստանն ու Ադրբեջանը շարունակում են Հայաստանից առաջ գտնվել (համապատասխանաբար, 17 եւ 26 հորիզոնականով):

«Հայաստանի հիմնական ուժեղ կողմերից են շարունակում մնալ ձեռնարկությունների գրանցման հետ կապված հիմնական գործընթացների դյուրինությունը: Ամենախնդրահարույց ոլորտներից են դատաիրավական  համակարգը, պայմանագրերի կիրարկումը, ինչպես նաեւ տեղական մրցակցային միջավայրը եւ էլեկտրոնային մասնակցության ցածր մակարդակը»,- հայտնում է «Տնտեսություն եւ արժեքներ» հետազոտական կենտրոնը:

Այս տարի զեկույցը գնահատել է աշխարհում 144 տնտեսությունների ՏՏ մրցունակությունը՝ ընդգրկված երկրների քանակն ավելացնելով երկուսով: ՀՏՖ-ի գնահատականներով, Ֆինլանդիան, Սինգապուրը եւ Շվեդիան շարունակում են առաջատար դիրքեր զբաղեցնել ցանցային պատրաստվածության վարկանիշով:
Վարկանիշային առաջին հնգյակը եզրափակում են Նիդեռլանդները եւ Նորվեգիան: