11:50 | 20.03.13 | Նորություններ | 3866
ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը հյուրընկալվել է «Հայաստանում Հարվարդի շրջանավարտների ակումբում»` բիզնեսի կառավարման եւ նորարարության ռազմավարական նշանակության մասին բանախոսելու նպատակով:
Դասախոսությունն ընդգրկել է կարեւոր այնպիսի թեմաներ, ինչպիսիք են` գործարար կառավարումը եւ առաջնորդությունը, Հայաստանում մարդկային կապիտալի զարգացումը եւ այլն, հայտնել են ընկերությունում:
Ռալֆ Յիրիկյանը խոսել է նաեւ տարածաշրջանի այլ երկրների համեմատությամբ Հայաստանում տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) ենթակառուցվածքների ներկա վիճակի եւ զարգացման միտումների մասին, նշելով, որ հեռահաղորդակցության ոլորտը խթանիչ ուժ է տնտեսության այլ հատվածների, մասնավորապես` ՏՏ ոլորտի զարգացման համար:
«Հայաստանում Հարվարդի շրջանավարտների ակումբը» մի հարկի տակ է համախմբում Հարվարդի բոլոր շրջանավարտներին, հանդիպումներ է կազմակերպում անվանի գործարարների, գիտնականների հետ` նրանց քաջալերելով իրենց փորձն ու գիտելիքները կիսել ինտերակտիվ քննարկումների միջոցով:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի փորձից ելնելով` Ռալֆ Յիրիկյանը դասախոսության սկզբում որոշ դիտարկումներ է ներկայացրել Հայաստանում մարդկային կապիտալի զարգացման ներկա վիճակի եւ հեռանկարների վերաբերյալ:
«Գործունեության սկզբում ՎիվաՍել-ՄՏՍ-ի առաջ ծառացած հիմնական մարտահրավերը եղել է երկրում մարդկային ռեսուրսների սակավությունը: Մեր ընկերությունը որոշում է կայացրել հավաքագրել երիտասարդ շրջանավարտների, առաջնորդվելով այն տրամաբանությամբ, որ շատ ավելի հեշտ է երիտասարդ տարիքից մասնագիտացնել նրանց եւ առաջնորդել կորպորատիվ հիմնարար արժեքներով»,- նշել է Ռալֆ Յիրիկյանը:
Ներկայացնելով ՎիվաՍել-ՄՏՍ-ում գործող կառավարման մշակույթը՝ Ռալֆ Յիրիկյանն ասել է, որ գլխավոր տնօրենի պաշտոնը ենթադրում է ոչ թե բոլոր որոշումների միանձնյա կայացում, այլ բիզնեսի ռազմավարության եւ նպատակների մշակում, եւ համապատասխան աշխատակիցների կողմից դրանց իրականացմանն աջակցություն:
Ընկերության ղեկավարը նշել է, որ ներկայումս ՎիվաՍել-ՄՏՍ-ի ուշադրության կենտրոնում է LTE տեխնոլոգիայի հիման վրա ստեղծված 4G ցանցի ընդլայնումը, որը Հայաստանում առաջին անգամ գործարկվել է 2011 թ. դեկտեմբերի 28-ին: