14:14 | 06.03.13 | Նորություններ | 862

Microsoft. Հայաստանի խոշոր ընկերություններում չարտոնագրված սոֆթի կշիռը չի անցնում 50%-ից

Հայաստանի 100 եւ ավելի աշխատակից ունեցող ընկերություններում չարտոնագրված սոֆթի կշիռը չի անցնում 40-50%-ից, ինչը լավ ցուցանիշ է պիրատական սոֆթի տարածման 88% ցուցանիշ ունեցող երկրի համար, այսօր ասել է Microsoft-ի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Գրիգոր Բարսեղյանը:

Ըստ Գրիգոր Բարսեղյանի, չարտոնագրված սոֆթի տարածումը Հայաստանում վերջին 7-8 տարիներին նվազել է տարեկան միջինը 1 տոկոսային կետով՝ 96-ից նվազելով մինչեւ 88% (2011թ. տվյալ –խմբ.) եւ մոտ ժամանակներս հայտնի կդառնա, ինչպիսին է այս առումով եղել 2012 թվականը:

Ներկայացնելով Microsoft-ի պատվերով IDC ընկերության կողմից 9 երկրում, այդ թվում՝ ԱՄՆ-ում եւ Ռուսաստանում, անցկացված հետազոտության արդյունքները (Հայաստանը հետազոտության մեջ չի ընդգրկվել), Գրիգոր Բարսեղյանն ասել է, որ ինտերնետում հասանելի չարտոնագրված ծրագրերի 80%-ը բեռնվում են այնպիսի կայքերից, որոնք ընդգրկում են լրտեսական ծրագրերի որոշ տեսակներ, իսկ 36%-ը՝ տրոյան տեսակի վիրուսներ:

«Նույն վտանգներին առնչվում են նաեւ պիրատական սոֆթ ներբեռնող հայաստանյան օգտագործողները, որոնց համար թվացյալ այս խնայողությունը կարող է արտոնագրված սոֆթից շատ ավելի թանկարժեք ծախսեր հարուցել», - ասել է Գրիգոր Բարսեղյանը:

Ասուլիսին ներկա ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամ Աշոտ Իսկանդարյանն ասել է, որ համակարգչային տեխնիկա վաճառող ընկերություններից շատերից կողմից չարտոնագրված սոֆթի տարածումը նրանց մրցակցային առավելություններ է տալիս բարեխիղճ խանութների նկատմամբ, ինչի պատճառով տվյալ հարցը դառնալու է հանձնաժողովի ուսումնասիրությունների առարկա: