09:52 | 14.02.13 | Նորություններ | 5216
Հայկական eventot.com ստարտափը գործարկել է սպամի դեմ պայքարի նոր ալգորիթմ, որը կոչված է զտել անորակ ինֆորմացիան եւ օգտատերերին տրամադրել տեղեկատվություն միայն իրապես սպասվող, որակյալ միջոցառումների մասին։
«Մենք շարունակում ենք պայքարը անորակ միջոցառումների դեմ։ Այսօր մեր տվյալների շտեմարանը դարձավ ավելի ճշգրիտ», - ասված է նախագծի հաղորդագրության մեջ։
Նախագծի համահիմնադիր Արշակ Ուլուբաբյանը, մեկնաբանելով նոր ալգորիթմի գործարկումը, ասաց, որ այն առավել կարեւոր է խոշոր մեգապոլիսների համար, որտեղ օրեկան հազարավոր միջոցառումներ են կազմակերպվում, որոնց մեծ մասը ներկայացվում է eventot-ում։ Սակայն մինչեւ այժմ ներկայացվող միջոցառումներից ոչ բոլորն էին որակյալ եւ հաճախ օգտատերերի համար դժվար էր գտնել այն, ինչ իրենց կհետաքրքրի։ Նոր ալգորիթմի գործարկումը կոչված է որոշակիորեն լուծելու այս խնդիրը։
Հայաստանցի օգտատերերը եւս կզգան նոր փոփոխությունների դրական արդյունքները, քանի որ երեւանյան միջոցառումների էջը եւս զերծ չեր «աղբ-միջոցառումներից»։ Վերջին շրջանում որոշ հայկական ցանցային «լրատվամիջոցներ», տարված «այցելուների որսով», սկսել էին կիրառել սպամի նոր տեսակ՝ սոցիալական ցանցերում ստեղծելով «միջոցառումներ», որոնք ոչ թե իրականում նախատեսվող միջոցառումներ էին, այլ՝ իրենց այս կամ այն նյութը կարդալու եւ քննարկելու կոչեր։ Քանի որ Eventot–ը միջոցառումների մասին տեղեկությունները հիմնականում հավաքում է սոցիալական ցանցերից, դրանք հաճախ հայտնվում էին նաեւ Eventot-ի էջերում։ Նոր ալգորիթմը պետք է բացառի նման կեղծ միջոցառումների առկայությունը տեղեկատուի էջերում։
eventot.com միջոցառումների տեղեկատուն ստեղծվել է 2011 թ. Հայաստանում։
Այն տեղեկատվություն է մատուցում աշխարհի գրեթե բոլոր քաղաքներում նախատեսվող տարաբնույթ միջոցառումների մասին։